Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա Ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը ներկացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների երաշխավորագրերն ու միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը։
Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը․ Հովհանես Հարությունյանը գրավի դիմաց ազատվեց։
Հիշեցնենք, Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով։
219-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Իսկ 235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: