Արցախի Ազգային ժողովը մայիսի 31-ին գումարել է յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով նիստը` Աժ նախագահԱշոտ Ղուլյանը շնորհավորել է համայն հայությանը մայիսյան տոների առթիվ և երախտիքի խոսք հղել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներին ու անկախության նվիրյալներին.

 

«Ավարայր-Սարդարապատ-Շուշի հաղթանակների եռանկյունին բեկումնային է եղել հայ ժողովրդի համար՝ ազգային ինքնության պահպանման, սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ ու ինքնուրույն ապրելու և զարգանալու տեսանկյունից»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Սկսելով նիստի աշխատանքները` պատգամավոր Արսեն Առստամյանի առաջարկով քվեարկության արդյունքում օրակարգում ներառված «Պետական գույքի մասնավորեցման2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին» և «Հավատարմագրման մասին»  ԱՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերը hանվեցին` նախնական քննարկումների ժամկետները պահելու հիմնավորմամբ:

Օրակարգով առաջինը Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի և վերաքննիչ դատարանի դատավորներ  նշանակելու մասին հարցն էր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի  դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել վերաքննիչ դատարանի դատավոր Հրայր Աբրահամյանի թեկնածությունը: Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջարկելու և ԱԺ խմբակցություններում տեղի ունեցած արդյունավետ քննարկումների համար` Հրայր Աբրահամյանը նշել է, որ այսուհետ ևս շարունակելու է անաչառ իրականացնել օրենքով իրեն վստահված լիազորությունները:

Խորհրդարանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի առաջարկով լսել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորՄարատ Ավանեսյանին վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու հարցը:

Դատավորների թեկնածուները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին, որից հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:

Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռամելա Դադայանը հայտարարել է, որ Հրայր Աբրահամյանի օգտին քվեարկել է 27 պատգամավոր, դեմ` 3: Մարատ Ավանեսյանին վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու օգտին քվեարկել է 29, դեմ` 1 պատգամավոր:

 

Կազմված արձանագրությունների հիմքով ԱԺ նախագահը հրապարակել է ԱԺ որոշումները  վերոնշյալ դատավորներին պաշտոններում նշանակելու վերաբերյալ:

Այնուհետև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդմամբ հանդես է եկել ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Պաշտպանի խոսքով`  գրասենյակը 2017թ.-ին 150 անձից ստացել է 119 դիմում, որոնցում մեծ թիվ են կազմել սոցիալական ապահովության և բավարար կենսամակարդակի ապահովման իրավունքի վերաբերյալ դիմումները: Ռուբեն Մելիքյանը նաև խոսել  է միջազգային կառույցներում կատարած աշխատանքների, ինչպես նաև խորհրդարանի հետ փոխգործակցության հեռանկարների մասին:

Հաջորդիվ ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2017թ. գործունեության տարեկան հաղորդումն է ներկայացրել պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը«Ընդհանուր առմամբ` հաշվետու տարվա ընթացում պալատն իրականացրել է 21 վերահսկողական միջոցառում: Վերահսկողություն է իրականացվել 33 օբյեկտում այդ թվում` 14 պետական մարմին, 7 համայնք, 10 ոչ առևտրային կազմակերպություն և 2 առևտրային ընկերություն: Վերահսկողությամբ ընդգրկված միջոցառումների ֆինանսական ծավալը կազմել է մոտ 15 մլրդ դրամ»,- ընդգծել է Էռնեստ Ավանեսյանը:

ԼՂՀ  2015-2017թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությամբ հանդես է եկել ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, ով խոսել է ծառայությունում ներդրված նոր ծրագրերի, հայաստանյան գործընկերների ու կենտրոնական բանկի հետ ձեռքբերված համագործակցության, կադրերի պատրաստման և վերապատրաստման թեմաներով:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ:

Անցնելով օրենսդրական աշխատանքներին՝  խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է  «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» ԱՀ օրենքը, որը ներկայացրել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

Նախարարը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների փաթեթը, որի ընդունումը, համաձայն նախարարի խոսքի,  պայմանավորված է 2012թ.-ի հուլիսից անշարժ գույքի կադաստրի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ` նպատակ ունենալով իրականացնել համակարգի գործառույթների շարունակական պարզեցում և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում:

Հարցերից և պարզաբանումներից հետո, այս նախագիծը ևս արժանացել է խորհրդարանի հավանությանը:

Նիստի օրենսդրական վերջին հարցը «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրինագիծն էր: Խոսելով նախագծի մասին` կառավարության լիազոր ներկայացուցիչ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ նախատեսված կարգավորումներն առավելապես պայմանավորված են Արցախի Հանրապետության Սահմանադրության դրույթներին համապատասխանեցմամբ:

Գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել  Ալյոշա Գաբրիելյանը, Հայկ Խանումյանը և Գագիկ Բաղունցը: