Մի քանի օր է, ինչ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ են տեղի ունենում «բեսպրեդելի» դեմ: Քիչ առաջ Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը հանիպեց  ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, ովքեր հունիսի 1-ի երեկոյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո պահանջում են Ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ինչպես նաև իրավապահ մարմինների միջին օղակի մի շարք պատասխանատուների հրաժարականը։

Պետնախարար Արայիկ Հարությունյանը, դիմելով քաղաքացիներին՝ շեշտեց՝ աշխատանքի ընթացքում միշտ էլ սխալներ ու թերություններ են լինում. «Կոնկրետ առկա դժգոհությունները, իմ համոզմամբ, միայն ուժային կառույցների հետ չեն կապված, քանի որ մեր երկրում առկա են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված է հանձնարարական բոլոր հրատապ խնդիրների հնարավորինս օպերատիվ լուծման համար: Ուզում եմ վստահեցնել, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրած բոլոր խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրվում են: Եթե կան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրներ, պետք է լուծենք միասին: Մենք քույր ու եղբայրներ ենք: Կոչ եմ անում, որպեսզի ընթացքում հանրային վերահսկման մեխանիզմներն ուժեղացնենք՝  հասարակական կազմակերպությունների տեսքով կլինի, ամենօրյա շփումների տեսքով կլինի, իսկ ես խոստանում եմ, որ ավելի հաճախ հանդիպումներ եմ ունենալու և այսպես ակտիվացնենք մեր հարաբերությունները և զարգացնենք մեր երկիրը»,-ասել է պետնախարարը: 

 

Հիշեցնենք՝ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19:15-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել էր Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։