Նյու Յորքում եւ Չիկագոյում բողոքողները, որոնք դեմ են սեւամորթ տղամարդու սպանության համար ոստիկանության սպային արդարացնելուն, մի քանի փողոց ու ավտոմայրուղի են փակել ցույցերի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC-ին:

 

Նյու Յորքում բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Վեսթ Սայդ Հայվեյը եւ Բրուքլինի կամուրջը: Ավտոմեքենաների երթեւեկությունը փակվել է ամբողջ Մանհեթենով: Չիկագոյում ցուցարարները արգելափակել են երթեւեկությունը Դեն Ռայան Էքսպրեսվեյով: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Վաշինգտոնում:

 

ԱՄՆ-ում ցույցերը վերսկսվել են այն բանից հետո, երբ երդվյալներն արդարացրին սպիտակամորթ ոստիկան Դենիել Պանտելեոյին, որը 2014 թվականի հուլիսի 17-ին ձերբակալման ժամանակ խեղդամահ էր արել աֆրոամերիկացի Էրիկ Գարներին:

 

Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ում քաղաքացիները բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել սպիտակամորթ մեկ այլ ոստիկանի՝ Դարեն Ուիլսոնի գործի վերաբերյալ երդվյալների որոշման դեմ, որն օգոստոսին գնդակահարել էր աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին: Ուիլսոնին նույնպես արդարացրել են, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: