«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական ապարատում կադրային փոփոխությունները որոշակի հարցեր են առաջ քաշում: Հրապարակվում են նամակներ, մամուլում հնչում են ահազանգեր, օրինակ, աշխատանքից ազատվելու մասին հեռախոսով ծանուցվելու, երբեմն նույնիսկ' կառավարության կայքից տեղեկանալու, որակյալ մասնագետ լինելու հանգամանքը հաշվի չառնելու և այլ խնդիրների մասին: Նոր իշխանության սկզբունքներն այս առումով քննարկման առարկա են:

 

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի խոսքով' իրավիճակը բավականին նուրբ է: «Նախկինում ունեինք մի համակարգ, որը ծայրից ծայր կազմավորվում և ուղղորդվում էր մեկ կուսակցության կողմից: Անգամ չերևացող պաշտոններում կուսակցական առաջնահերթություններից ելնելով էին նշանակումներ լինում: Այնպես որ, չի կարելի խոսել նախկին համակարգում առկա բարձր որակավորման մասին, որովհետև եթե այնտեղ կա կոռուպցիա և հովանավորչություն, չեն կարող լինել բարձր որակավորում ունեցող կադրեր: Իհարկե, կլինեն որոշ բացառություններ, որոնք ունեցել են առաջխաղացում զուտ իրենց մասնագիտական որակների ու հմտությունների շնորհիվ: Այդ անձանց պետք է նկատել: Ովքեր ներգրավված չեն եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, հատկապես նրանց պահելն անհրաժեշտ է: Բայց շատ դժվար է պատկերացնել, թե մարդն ինչպես կարող է առաջխաղացում ունենալ կոռումպացված համակարգում և զերծ մնալ այդ համակարգի արատներից: Ամեն դեպքում' հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չեմ ուզում միանշանակ բոլորին համակարգի ներկայացուցիչ և այդ համակարգի արատների կրող համարել: Պետք է ավելի ուշադիր լինել նրանց որակների առումով»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

 

Նրա խոսքով' կարևոր է, որ նոր իշխանության որդեգրած գործելաոճը համապատասխանի մարդու իրավունքների սկզբունքներին: «Այսինքն' մարդուն աշխատանքից ազատելու հիմքերն ամբողջությամբ պետք է հիմնավորված լինեն: Նա պետք է օրենքով հատկացված բոլոր հնարավորություններն ունենա նոր աշխատանքի անցնելու համար: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում այդ անձին, օրինական հիմքերն ու օրինականության գործընթացը պետք է պահպանվի, քանի որ նախկին համակարգում ունեցել ենք չպատճառաբանված, ստիպողական և ինչ–որ տեղ նաև շանտաժի մեխանիզմներով մարդկանց աշխատանքից հեռացնելու արատավոր դեպքեր: Բոլորովին ցանկալի չէ, որ նույն մեխանիզմները հակառակ պրոցեսի համար գործեն: Իսկ ովքեր իրենց նկատմամբ ապօրինություն են տեսնում, կարող են դիմել ՄԻՊ գրասենյակ կամ այլ իրավապաշտպանների' իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցերով: Սա շատ կարևոր է, որովհետև մենք իրավական պետություն ունենալու խնդիր ունենք: Շատ կարևոր է, որ մենք այս պահին չունենանք այն նախադեպային փոփոխությունները, որոնք եղել են առաջ»,–ասաց նա' օրինակ բերելով կամայականության սկզբունքը:

Անդրադառնալով կայքերից կամ, օրինակ, զանգի միջոցով աշխատանքից հեռացվելու մասին իրազեկվելու վերաբերյալ ահազանգերին, իրավապաշտպանը նշեց. «Դրանք աշխատանքային իրավունքների խախտումներ են: Այդ պրակտիկան տոտալ է եղել նախկին համակարգի ժամանակ: Ոտնահարվել են բոլորի' ամենացածրից մինչև ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողների աշխատանքային իրավունքները: Օրինակ' մեկ գրառման համար հեռացրել են աշխատանքից, ճնշումների են ենթարկել ՀՀԿ–ի համար ձայներ չբերելու համար: Այնպես որ' սա ամենևին նորություն չէ' նախորդ համակարգի արատներն են, որոնք, որպես պրակտիկա, շարունակվում են: Բայց քանի որ մենք ունենք փոփոխված իրավիճակ, կարծում եմ' նախկին պրակտիկաները պետք է բացառվեն: Հիմա աղմուկ կա, բարձրաձայնում են, ասում' այսպես կամ այնպես արեցին: Իրականում միշտ եղել է նման պրակտիկա, ուղղակի աղմուկ չի բարձրացել, որովհետև բոլորը լռել յայն հաշտվել են, որ համակարգն այդպիսին է և անհնար է ինչ–որ բան փոխել: Գիտեին, որ եթե կաշառք չտային, որևէ ազդեցիկ պաշտոնի կամ դիրքի հավակնելն անհնար էր: Միշտ խախտվել են նաև աշխատանքային իրավունքները: Բայց քանի որ մենք հռչակել ենք մարդու իրավունքների և ժողովրդավարական պետություն ունենալու տեսլական, էլ ավելի ուշադիր պետք է լինել այդ դեպքերի բացառման առումով, եթե անգամ դրանք եզակի են: Անկախ նրանից, թե նրանք ինչ քաղաքական թիմի ներկայացուցիչներ են եղել, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները պետք է բարձրաձայնեն ու զբաղվեն այդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Աշխատանքային իրավունքը քաղաքական թիմի հետ որևէ աղերսներ չունի»:

Զառա Հովհաննիսյանի համոզմամբ, նոր իշխանությունների դեպքում խնդիրն այլ է. «Խնդիրը թիմային մոտեցումն է: Վստահ եմ, որ այստեղ կոռուպցիայի և հետապնդման խնդիր չկա, ուղղակի, անկախ քաղաքական հայացքներից, պետք է նուրբ լինել մարդկանց իրավունքների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է պետական ապարատում նոր մարդկանց ներգրավելու պրակտիկային, նա շեշտեց, որ շատ բանիմաց երիտասարդներ կան նոր պաշտոնյաների շարքերում. «Խնդիրը փորձն է, որն ակտիվ գործունեության արդյունքում շատ արագ կարելի է ձեռք բերել: Արատավոր երևույթների մեջ ներգրավված չլինելն արդեն իսկ դրական է: Քննադատության միակ առարկան կանանց ներգրավվածության հարցն է, բայց կարծում եմ, որ այդ խնդիրը կամաց–կամաց շտկվում է»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում