Այսօր Նկարիչների միության շենքի առջև էին հավաքվել մի խումբ արվեստագետներ, ովքեր պահանջում էին Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամանյանի հրաժարականը:
 
Բողոքող արվեստագետների մեջ էին նաև Միության անդամներ: Նրանց բողոքները, մասնավորապես, ցուցահանդեսներում նկարների ընտրության անարդարությանն է վերաբերում՝ որ Միության նախագահը արտասահմանյան ցուցադրություններին ներկայացնում է միայն իր և իր մտերիմների աշխատանքները:
 
Կանադահայ արվեստագետ Ջորջ Քասաբյանը նշում է, որ Միությունում Կարեն Աղամյանի ղեկավարման  20 տարիների ընթացքում որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունեցել:
 
«Այդքան երկար ժամկետով ոչ մի երկրում չեն ղեկավարում նման կառույցներ, նա կարծես ցանկանում է ցմահ ղեկավարել»,- ասաց Քասաբյանը:
 
Կարեն Աղամյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նկատեց, որ բողոքում են այն մարդիկ, որոնց աշխատանքերը չեն ցուցադրվել. «200-300 գործ է ներկայացվում, որոնցից 100-ն է ընտրվում, և շատերը դժգոհում են, որ իրենց աշխատանքերը չեն ընտրվում: Նրանց մեծ մասին տեսնում եմ բողոքողների մեջ»,- ասաց Աղամյանը:
 
Անդրադարձ եղավ նաև նախագահության կանոնադրությանը, որով նախագահի լիազորությունը 5 տարի ժամկետով է, սակայն Միության անդամների մոտ կային փաստաթղթեր, որոնցով փաստվում էր՝ լիազորությունների ժամկետը 4 տարի է:
 
Արվեստագետները պահանջում են, որ Նկարիչների միությունը ծառայի իր նպատակին, և որ Միության անդամները ստանան ֆինանսական հաշվետվություն: Իսկ Միության նախագահի ցանկալի թեկնածուների մեջ տեսնում են Անկախության սերնդի ներկայացուցիչներին: