Նկարիչների միության նոր նախագահ Սուրեն Սաֆարյանը բացահայտել է իր նախորդի' Կարեն Աղամյանի չարաշահումները։ Անցկացվել է 2017-2018թթ ֆինանսատնտեսական վերլուծություն, արդյունքում՝ հարուցվել է քրեական գործ: Հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի հետ:
«Ինձ համար շատ անսպասելի էր: Ես միշտ ենթադրել եմ, որ քրեական գործ հարուցվում է այն ժամանակ, եթե ինչ-որ բան հափշտակվում է կամ յուրացվում: Շատ հանգիստ եմ ինձ զգում, որովհետև որևիցե լումա չեմ յուրացրել: Հակառակ դրան՝ այն տարիներին, որ եղել եմ Նկարիչների միության նախագահ, շատ բաներ ավելացրել եմ՝ ունեցել ենք նոր ցուցասրահ, որը մենք են կառուցել: Միության տարածքն է ավելացել, այսինքն՝ բացի օգուտից, ոչինչ չի եղել: Մենք մոտ 27 հոգանոց թիմ ենք եղել ու նվիրված աշխատել ենք»,-ասում է Աղամյանը:
Նա նշեց, որ որևէ պաշտոնական նամակ կամ ծանուցում չի ստացել. «Պատկերացրեք՝ զանգերից եմ իմացել այս մասին»:
Աղամյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակն իր համար տհաճ ու վիրավորական է. «Այն ամենը, ինչ կատարվում է, իրոք վիրավորական է՝ մանավանդ, որ կոլեգաների կողմից է լինում: Պատճառները ես չգիտեմ: Իրականում, շատ եմ վերլուծում ու փորձում եմ հասկանալ: Չեմ ուզում հավատալ, որ դա իրենց նախաձեռնությունն է: Փորձում եմ փնտրել ուրիշ դրդիչ ուժեր»:
Նա ընդգծեց, որ իր պաշտոնավարման տարիներին Նկարիչների միությունը պետական բյուջեից ֆինանսավորում չի ստացել: Գումարները, որոնց մասին խոսվում է՝ իրենց համար ուղղակի ֆանտաստիկա է ( 50 մլն դրամ. խմբ.):
«Իմ աշխատավարձը մոտ 100 հազար դրամ է: Եթե ունենայինք ավել գումար՝ մեր աշխատավարձն էլ ավելին կլիներ: Մեր հնարավորությունները միշտ սահմանափակ են եղել»,- ասում է նա:
Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը՝ Աղամանը դժվարացավ պատասխանել. «Ես անկեղծ չգիտեմ, թե ինչ կլինի: Նկարիչների միությունն ինձ համար իսկապես շատ թանկ կառույց է: Երկար տարիներ եմ աշխատել՝ մեծ նվիրումով: Երբ 1998 թվականին առաջին անգամ շենք մտա, «բոմժանոց» էր: Նրանց փայտով էինք դուրս հանում»:
Աղամյանը նաև հայտնեց, որ հեշտությամբ է լքել միությունը. «Ես ենթադրում էի, որ վաղ թե ուշ պետք է հեռանամ: Տարիներ առաջ իմ նախաձեռնությամբ Նկարիչների միությունում ստեղծվեց Երիտասարդական միավորում: Իմ շատ կոլեգաներ ասում էին, որ այնքան էլ ճիշտ նախաձեռնություն չի, բայց ես ուզում էի, որ երիտասարդները մեզ միանանան, սովորեն, ծանոթանան ընթացքին, որ հետո կարողանան մեզ փոխարինել: Այդ նույն երիտասարդները երևի չհավատացին մեզ: Նրանց շարքերում էր նաև Սաֆարյանը, ում հետ, ի դեպ, ես լավ հարաբերության մեջ եմ եղել»:
Նա ընդգծեց, որ չի ափսոսում. «Ես չեմ կարծում, որ պետք է ափսոսեմ, քանի որ մտածում եմ՝ երիտասարդ ուժ է պետք: Որևիցե միության նախագահ այնքան երկար չի պաշտոնավարել, որքան ես»:
Լուսինե Մարդոյան