ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն արգելվում է սահմանին միգրանտների ընտանիքների բաժանման պրակտիկան: Այս մասին հաղորդել է CNN-ը:

«(Հրամանագիրն) այնպես կանի, որ ընտանիքները մնան միասին, բայց միեւնույն ժամանակ այն թույլ կտա ապահովել սահմանի ամրությունն ու անվտանգությունը, որը կլինի նույնպիսին, եթե ոչ ավելի խիստ, քան նախկինում էր»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը հրամանագրի ստորագրման հեռարձակման ժամանակ: Որոշման մեջ նշված է, որ միգրանտների ընտանիքները կպահվեն միասին, բացառությամբ այն դեպքերի, երբ մտահոգություն կա երեխայի բարեկեցության հարցում:

Թրամփը հավելել է, որ իրեն դուր չի գալիս տեսնել, թե սահմանին ինչպես են միգրանտների երեխաներին բաժանում ծնողներից, այնուամենայնիվ ինքը կշարունակի «զրոյական հանդուրժողականության» պրակտիկան եւ քրեական հետապնդման կենթարկի նրանց, ովքեր անօրինականորեն հատում են սահմանը: Ապրիլին ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել է միգրացիոն օրենսդրության խախտողների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն սկսելու մասին:

Երեխաների հետ Նահանգներ ժամանող միգրանտներին բաժանում էին. ձերբակալված ծնողներին ենթարկում էին քրեական պատասխանատվության, իսկ նրանց երեխաներին ուղարկում հատուկ կենտրոններ: ԱՄՆ-ի օրենսդրությունն արգելում է ձերբակալել երեխաներին: