Սյունիքի մարզում, հունիսի 22-ին, հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 03:30-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիմակավորված ու ատրճանակով զինված Երեւան-Գորիս ավտոճանապարհի 230-րդ կմ հատվածում «Ցուրտ Աղբյուր» կոչվող հատվածում տեղակայված դիզվառելիքի լցակայանի շենքի դուռը ծեծել է եւ երբ աշխատակիցը բացել է դուռը, դիմակավորված անձը ատրճանակը պահել է աշխատակից՝ 35-ամյա Է. Բ.-ի վրա եւ պահանջել գումար:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, զինված դիմակավորված անձը, տեսնելով, որ Է. Բ.-ն, ով որպես լիցքավորող է աշխատում, չի կատարում իր պահանջը, մի քանի անգամ զենքին նմանվող ատրճանակի բռնակով հարվածել է նրա գլխին: Լիցքավորողը այդ վիճակով անգամ դիմադրել է հանցագործին, ով ատրճանակից կրակոցներ է արձակել եւ դիմել փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ պարկուճ եւ գլխարկ: Ըստ տեղեկությունների՝ գլխարկը պատկանում է փախուստի դիմած հանցագործին, ում գլխից դիմադրության ժամնանակ գլխարկը ընկել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու փաստով հարուցվել է քրեական գործ:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը «Մարտիկ Շալունց» ԱՁ-ի դիզվառելիքի վաճառքի կետի դուռը ծեծելիս՝ խոսել է ռուսերենով: