«Մենք ի սկզբանե չգիտեինք՝ օրինական է, թե ոչ, բայց այն, որ մենք տեղեկություններ էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և հետի մեքենայում կան զենքեր՝ դա փաստ է».-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Մենք ստուգեցինք և պարզվեց, որ զենքերն օրինական են»,- ասաց նա` ընդգծելով, որ ոստիկանությունը մշտապես ունենում է օպերատիվ տեղեկություններ, և եթե որևէ բան լինի՝ բոլորը կտեղեկանան դրա մասին: Նա նշեց` իրենք գործում են օրենքի շրջանակներում եւ հավաստիացրեց, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված ճնշումներ չեն եղել. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ Սահմանադրության համապատասխան: Ես օրենքով եմ իրականացնում ցանկացած գործողություն»,-ասաց Օսիպյանը:
Անդրադառնալով Նազիկ Ամիրյանի ձերբակալությանը, ոստիկանապետը նշեց, որ եթե այսօրվա Հայաստանում մարդ են ձերբակալում, ուրեմն բավարար հիմքեր կան: «Կան համապատասխան ցուցմունքներ, որտեղ մենք տեղեկություններ ենք ստացել, որ մեքենաներով ապրանքը տիկին Նազիկի ցուցումով են տեղափոխել»,- ասաց ՀՀ ոստիկանապետը: