ՀՀ վարչապետն ապագայում կունենա մեկ նստավայր, և Բաղրամյան 26-ը կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր սահմանելու որոշման նախագծին, որով Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները սահմանվում են վարչապետի տեղակայման վայրեր:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումն այս պահին ընդամենը տեխնիկական լուծում է: «Տարօրինակ իրավիճակ ունենք, երբ վարչապետը երկու շենքում ունի տեղակայման վայր: Մենք ամենևին չենք մոռացել ինչն ենք քննադատել, որովհետև քննադատություն է հնչում, որ մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել՝ հայտնվելով կառավարությունում: Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք, հարցերին պետք է ոչ թե անձնավորված, այլ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել: Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, այն ժամանակի ընթացքում կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին: Այս պահին որոշակի արարողակարգային պարտականություններ կան, արարողակարգային խնդիրները, ինչպես նաև աշխատակազմի որոշ մարմինների տեղակայման հարցը լուծելուց հետո կընդունենք համապատասխան որոշում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ փաստացի արդեն երկար ժամանակ աշխատում է կառավարության շենքում, ինչը, ըստ նրա, նաև հարմար է: «Հետագայում սա նաև կառավարության որոշումներով կարձանագրենք: Վարչապետը կունենա մեկ նստավայր, և Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին՝ իմ նշած հարցերը լուծելուց հետո: Այս պահին որոշումը տեխնիկական լուծում է ընդամենը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: