Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրվեց Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:
Այս օրերին Միացյալ Նահանգներում անցնում են Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձի և հայ-ամերիկյան պաշտոնական հարաբերությունների 100-ամյակին նվիրված միջոցառումները՝ ամերիկահայ շրջանակների ու կառույցների ակտիվ մասնակցությամբ: Հունիսի 28-ին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը կազմակերպված տոնական միջոցառումը ևս նվիրված էր այս շարքին:
«Այս օրերին մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության հարյուրամյակն ու հայ-ամերիկյան հարաբերությունների 100-րդ տարեդարձը, և այսօրվա միջոցառումն այս տոնակատարությունների բարձրակետն է»,- նշել է ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է Առաջին Հանրապետության բացառիկ նշանակությունը հայոց պետականության վերականգման հարցում:
Առաջին Հանրապետության տարեդարձի շրջանակում Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի առաջին Հանրապետության ազգային գործիչ, դիվանագետ, ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի հիշատակի հավերժացմանը: Հայ Հեղափոխական Դաշնակցության և Հայ դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ դեսպանության տարածքում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին:
Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձավ այս նախաձեռնության գաղափարի իրականացմանը:
«Հունվարին մեր տարեկան քննարկումների ժամանակ ծնվեց Վաշինգտոնում Հայաստանը ներկայացնող առաջին դիվանագետի կիսանդրին տեղադրելու գաղափարը»,- ասում է դեսպան Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանն ընդգծեց Արմեն Գարոյի ունեցած վաստակն ու դերը Հայաստանի առաջին Հանրապետության պատմության մեջ:
«Արմեն Գարոն մեր ազգի լավագույն ներկայացուցիչներից է, ազգային-ազատագրական գործիչ և դիվանագետ»,- նշում է Տեր-Խաչատրյանը:
Պատմաբան Հայկ Դեմոյանն էլ խոսեց 1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետության օրերին ԱՄՆ-ում հայկական առաջին դիվանագիտական առաքելության հիմնադրման պատմությանը՝ նշելով, որ դիվանագիտական առաքելությունը հիմնվեց ամերիկահայ համայնքի կողմից հավաքագրված 50 հազար դոլարի շնորհիվ:
Միջոցառմանը ներկա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ընդգծեց Հայաստանի առաջին Հանրապետության պատմական դերն ու նշանակությունը՝ շեշտելով, որ այն վերածնվում է յուրաքանչյուր կարևոր ձեռքբերման ժամանակ:
«Մենք տոնում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման հաղթանակը: Առաջին Հանրապետությունը երբեք չի դադարել: Միգուցե այն կոչվել է այլ անունով: Օրինակ 70 տարի այն կոչել ենք Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, սակայն շատերս մեր սրտերում հավատացել ենք, որ իրական հանրապետությունը անկախ և ժողովրդավար Հայաստանն է: Եվ 1991 –ին այն, ինչը մեր սրտերում էր, դարձավ իրականություն, և Առաջին Հանրապետությունը վերածնվեց»,- ասել է ՀՀ նախագահը:
Իր խոսքում նախագահը բարձր գնահատեց Արմեն Գարոյի ազգային և դիվանագիտական գործչի թողած ժառանգությունը:
Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը երախտագիտության պատվոգիր հանձնեց ամերիկահայ բարերար Սեյվի Թուֆենկյանին՝ Հայաստանի դիվանագիտական առաքելությանը ցուցաբերած օժանդակության և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Ընդգծվեց Թուֆենկյան-Շիրվանյան ընտանիքների ներդրումն այս հարցերում: