ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերջին օրերին աշխատանքային այցով գտնվում է արտերկրում։ Վաշինգտոնում աշխատանքային այցի վերջին օրը Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, որը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել, մասնավորապես՝ սահմանադրությունների լիազորությունների բաշխման տեսանկյունից։
 
Նախագահի «քաղաքավարական» հանդիպման և նախագահի աշխատանքային այցելությունների նշանակության մասին ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ։
 
-Պարո՛ն Պապյան, նախագահ Արմեն Սարգսյանի կատարած աշխատանքային այցերը, մասնավորապես՝ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ, ինչքանո՞վ է համապատասխանում նրա սահմանադրական լիազորություններին:
 
 
-Ըստ սահմանադրության, մեզ մոտ արտաքին քաղաքականության մշակողը և իրականացնողը վարչապետն է, բայց նաև պետք է հաշվի առնել, որ նախագահը, ըստ այդ նույն սահմանադրության, պետության գլուխն է։ Հետևաբար, նա կարող է հանդիպել տարբեր պաշտոնյաների հետ և պետության կողմից ներկայացնել պետության տեսակետները տարբեր հարցերի շուրջ։ Ա․ Սարգսյանի այցը առնչվում է Հայաստանի և Կատալոնիայի մշակույթներին նվիրված Սմիթսոնյան ինստիտուտի «Ազգային կյանք» ամենամյա փառատոնի բացման արարողությանը։ Որպես պետության գլուխ, ճիշտ էր Ա․ Սարգսյանի այցը։ Դա արարողակարգային այց է, բայց ցանկացած արարողակարգային այց իր մեջ որոշակի բովանդակություն ունի։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շատ կարևոր հայտարարություն արեց, որ պետքարտուղար Մայք Պոմպեոնը ցանկակություն է ունեցել լսել Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ առաջնային աղբյուրից։ Սա նշանակում է, որ Ամերիկյան կողմից կա հետաքրքրություն։ Շատերն են փորձում այդ մակարդակի վրա հանդիպումներ ունենալ և չեն կարողանում։ Սա ավելի շատ հեղափոխության շնորհքն է։ Նույնիսկ ՀՀ նախկին նախագահները չէին ունենում նման հանդիպումներ, կամ շատ դժվարությամբ էին ունենում։
 
 
-Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այդ հանդիպումը Հայաստանի համար:
 
-Լավ է, որ նախագահը հնարավորություն ունեցավ հանդիպել պետքարտուղարի հետ և որպես սկզբնաղբյուր ԱՄՆ-ին բացատրելու հայաստանյան վերջին իրողությունները։ Դա դրական կլինի մեր երկկողմ հարաբերությունների համար, հատկապես՝ հաշվի առնելով հիմա Ադրբեջանի կողմից ակտիվացումը, ռազմական վտանգը։ Ես վստահ եմ՝ նաև այս հարցն է քննարկվել, և եթե ԱՄՆ-ն ավելի շահագրգռված լինի խաղաղության պահպանմանը, դա ևս կարելի է դրական համարել։ Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին՝ Ամերիկան այն երկրներից է, որտեղ գոյություն ունեն ազատ շուկայական հարաբերություններ, բայց դրանով հանդերձ պետությունը մեծ դերակատարում ունի արտաքին ներդրումների առումով։
Այժմ ԱՄՆ-ում քննարկվում է կրկնակի հարկումից խուսափելու մասին երկկողմ պայմանագիրը, որը շատ կարևոր է ամերիկացի ներդրողների համար, քանի որ եկամուտը երկրոդ անգամ չի հարկվի։ Պետությունը ստեղծում է նպաստավոր պայմաններ, որի հովանու ներքո մասնավոր բիզնեսը բարելավում է։ Սա, իհարկե, դրական կանդրադառնա, նամանավանդ, որ տեղեկություններ ենք ստանում, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է օգնելու Հայաստանի տնեսական զարգացմանը։
 
-Նախագահ Արմեն Սարգսյանի ակտիվ ներգրավվածությունը արտաքին կապերում արդյոք կապվա՞ծ է նրա միջազգային կապեր ունենալու հետ:
 
-Մեր նախագահը նոր լիազորություններով դիվանագետ է, իսկ դիվանագետները նախկին չեն լինում։ Նա ամբողջ կյանքում դիվանագիտությամբ է զբաղվել։ Մենք պետք է այս հարցին նայենք մեր շահերի տեսանկյունից։ Առ այսօր՝ նախագահի այցելությունները Հայաստանի համար դրական են եղել։ Ես չեմ կարծում՝ Փաշինյանը խանդելու առիթ ունի այս հարցում և հակառակը՝ ես մտածում եմ, որ նրանք սերտորեն համագործակցում են, ինչը ճիշտ եմ համարում, քանի որ առանց այդ էլ Փաշինյանի վրա մեծ ծանրաբեռնվածություն կա։
 
-Փաշինյանը հայտարարել էր, որ Բաղրամյան 26-ը կվերադարձնի ՀՀ նախագահին։ Հնարավո՞ր է նախագահի լիազորությունների վերաբաշխում կատարվի:
 
-Ժամանակային առումով հիմա բարդ է լիազորությունների վերաբաշխում կատարելը։ Դա կլինի այն բանից հետո, երբ նոր խորհրդարան կձևավորվի և նոր քաղաքական ուժեր կլինեն խորհրդարանում։ Սա վարչապետի կամ որևէ անձի որոշում չէ։ Սա սահմանադրության մեջ է ամրագրված։ Պետք է լինեն սահմանադրական փոփոխություններ։
 
Արմինե Արմենակյան