Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին ՆԱՏՕ-ի Վեհաժողովի առիթով կայցելի Բրյուսել: Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի կառավարության ակտիվությունը ռուսական կողմի հետ, թվում էր, թե կա անտարբերություն դեպի Արևմուտք, սակայն նոր կառավարության նախնական ելույթներից կարելի է ենթադրել, որ վարչապետը պատրաստվում է խորացնել հարաբերությունները Արևմուտքի, ԵՄ-ի հետ: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ հայտարարել էր, որ Փաշինյանին ԵՄ ղեկավարները շատ ջերմ կընդունեն: Նշենք, որ սա վարչապետի պաշտոնում Փաշինյանի  առաջին այցն է Բրյուսել: Վարչապետի այցի, նպատակի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ: 

 

Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցը ի՞նչ կարող է տալ Հայաստանին: Եվ Հայաստան-ԵՄ հարաբերություններում  ի՞նչ փոփոխություններ կլինեն:

Այցը կարող է նպաստել մեր երկրում մեծ ներդրումներ կատարվելուն: Ակնհայտ է՝ եվրոպացիների կողմից ողջունվում է  մարդու իրավունքների, ժողովրդավարության հաստատման համար յուրաքանչյուր պայքար, յուրաքանչյուր գործունեություն: Հեղափոխությունը դիտարկում են հենց այդ կոնցեպտից: Հայաստանն ավելի ինքնուրույն է դառնում, իշխանություններն ավելի լեգիտիմ են լինում, որն էլ թույլ է տալիս այդ իշխանությունների հետ ավելի վստահ համագործակցել: Եվրամիությունը հասկանում է, որ թեև հայ իշանությունները նշել են, որ արտաքին քաղաքականությունում  կտրուկ շրջադարձեր չեն լինելու, բայց ժողովրդավարական Հայաստանն ավելի կոշտ դիրքերից կարող է խոսել նույն Ռուսաստանի հետ, և դա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող եվրոպացիների կողմից դիտարկվել վտանգ ներկայացնող երկիր կամ ռուսական ազդեցության կրող: Եվրոպացիներն ըմբռնումով կմոտենան, որ Հայաստանն, անվտանգությունից ելնելով, շարունակում է մնալ ռուսական տարբեր պրոյեկտներում, բնականաբար, կոշտ կերպով չի կարող հակադրվել Ռուսաստանի քաղաքականությանը, և չպետք է ակնկալի Հայաստանից Ռուսաստանի նկատմամբ հրապարակային քննադատություն միջազգային ատյաններում: Քաղաքակրթական տեսակետից՝ Հայաստանն այսուհետ ավելի վստահ կարող է համարվել եվրոպական ընտանիքի մաս:

Մենք, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, փաստորեն, փորձում ենք  խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում հաստատված նոր իշխանությունները հայտարարել են, որ ոչ ռուսամետ են, ոչ արևտամետ, այլ հայամետ են, ինչը նշանակում է տարբեր ուժային կենտրոնների հետ համագործակցել: Բնականաբար, ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը մտնում է այդ տրամաբանության մեջ: Սա չի արվում Ռուսաստանի հետ առկա հարաբերությունների կամ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հաշվին: Իհարկե, Ռուսաստանի համար ցանկալի կլինի, որ Հայաստանն ամբողջությամբ ինտեգրված լինի աշխարհաքաղաքական և տնտեսական պրոյեկտների մեջ և չունենա ինքնուրույնություն: Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարելու: Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կաշկանդելու այլ երկների հետ հարաբերությունների իրականացումը: Ռուսաստանը ստիպված պետք է հաշվի նստի այս իրողության հետ, բայց և շատ մտահոգվելու առիթ չպետք է ունենա:

Հնարավո՞ր է կտրուկ շրջադարձ ՀԱՊԿ-ից ՆԱՏՕ՝ հաշվի առնելով սահմանին տեղի ունեցող միջադեպերի նկատմամբ՝ ՀԱՊԿ-ի պասիվությունը:

Կտրուկ շրջադարձեր չեն լինի: Բայց Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունենալով Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ՝ կշարունակի խորացնել հարաբերությունները ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև արևելյան տարբեր կառույցների հետ: Ինչ վերաբերում է պասիվության գործոնով պայմանավորված համագործակցելուն՝ դժվար է ասել: Հետևելով Փաշինյանի նախնական հայտարություններին՝ կանխատեսելի է, որ Փաշինյանը պետք է ցանկանա խորացնել հարաբերությունները արևելյան կառույցների և ՆԱՏՕ-ի հետ: Դա տրամաբանական է, և դժվար է ասել՝ այդ գործոնը ազդո՞ւմ է, թե՝ ոչ:

Որքանո՞վ կարող է ՆԱՏՕ-ն լինել այլընտրանք ՀԱՊԿ-ին:

Այս պահի դրությամբ և մոտ ապագայում ՆԱՏՕ-ն չի կարող ՀԱՊԿ-ին այլընտրանք լինել: ՆԱՏՕ-ն ունի մի շարք չափորոշիչներ և չի շտապում ընդգրկել իր կազմում դեպի Արևմուտք շարժվող բոլոր պետություններին: Կան շատ երկրներ, որոնք վաղուց են ժողովրդավարական փոփոխություններ իրականացրել կամ ակնհայտ պրոարևմտյան քաղաքականություն են վարում, սակայն ՆԱՏՕ-ի կազմում չեն ընդգրկվում: Եթե անգամ մենք շարժվենք դեպի ՆԱՏՕ, դուրս գանք ՀԱՊԿ-ից, դեռ չի նշանակում, որ կարող ենք մոտ ապագայում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Արմինե Արմենակյան