«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուրջ մեկ ամիս է` Հայաստանի տարբեր համայնքների բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում, ճանապարհներ են փակում մեկ հիմնական պահանջով` ոռոգման ջուր: Քաղաքացիների դժգոհությունները ավելի, քան տեղին են, քանի որ իսկապես էլ ջուր չկա, կամ բավարար չափով չկա: Իսկ այ թե ինչու ջուր չկա, սա արդեն երկակի հարց է: Նախ` Հայաստանի ջրամբարներում ջրի պակասը մի կողմից ունի օբյեկտիվ պատճառներ` ձմռան սակավ տեղումներն ու շոգ ամառը: Երկրորդ պատճառը նախորդ իշխանության առնվազն անհեռատեսությունն էր:

 

Անցած տարի աշնանը բավական լայն հանրային արձագանք ստացավ Հայաստանի ջրամբարների ջրազրկման թեման: 

Երկրի ամենախոշորներից` Ախուրյանի ջրամբարներից ջրբացթողումները շարունակվեցին նաև այն ժամանակ, երբ ջրամբարի ծավալը հատել էր մեռյալ ծավալի սահմանագիծը: (Մեռյալ ծավալը ջրամբաներում ջրի անձեռնմխելի քանակն է): Նույն իրավիճակն էր նաև մյուս գրեթե բոլոր ջրամբարներում:
 
Ջրային տնտեսության պետական կոմիտեն այդ ջրբացթողումներն հիմնավորում էր շատ կարճ` մարդիկ ոռոգման խնդիր ունեն: Սակայն, այս հիմնավորումից զատ, կար նաև մեկ այլ պատճառ` հասարակ պոպուլիզմը:

Աշնանը, ինչպես գիտենք, որևէ մեկը չէր կանխատեսում հեղափոխություն, քաղաքական գործընթացներն ընթանում էին միայն իշխանության վերին օղակներում, և վարչապետ Կարեն Կարապետյանը, մեղմ ասած, դեմ չէր շարունակել պաշտոնավարել որպես վարչապետ: Այս նպատակի իրականացման համար նրան պետք էր ժողովրդահաճո գործունեություն` առանց հետևանքները հաշվի առնելու:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զուտ անձնական կապեր ուներ Կարապետյանի հետ` վերջինիս սանիկն էր: Թե ինչքանով է այս ազգակցական կապն իր դերն ունեցել, նույնիսկ քննարկելու կարիք էլ չկա, փաստն այն է, որ անցյալ տարի ամռանը ջրի պահանջի զանգվածային բավարարումների հետևանքով Հայաստանի ջրամբարները մնացին երկնքի հույսին:

Այստեղ կա նաև հաջորդ ենթատեքստը` այդ ջուրը, բնականաբար, վաճառվում էր, ուստի` ենթադրությունները թողնենք ընթերցողին: 

Հենց այս մոտեցումների ու ռազմավարության արդյունքում Հայաստանի մի շարք մարզեր ու համայնքներ հայտնվել են բավական բարդ իրավիճակում: Այլ կերպ ասած, ներկայիս ջրի սակավության խնդիրը Կարեն Կարապետյանի կառավարության «նվերներից» էր:

 

Հանուն արդարության նշենք նաև, որ Հայաստանի ջրամբարներից շատերն ունեն ջրահավաքման ու պահպանության խնդիր: Ջրամբարներից շատերում կան, այսպես կոչված, հարամիներ, որոնցով հավաքված ջուրը պարզապես կորչում է, վերջիններիս վերանորոգման համար նախորդ կառավարությունը մշակում էր և ներկա կառավարությունն էլ հրատապ կերպով պետք է շարունակի մշակել գործողությունների նախագիծ, այլապես դժվար է ասել, թե ինչ է սպասվում մեր երկրագործներին հաջորդ ու մյուս տարիներին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում