Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմի խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: Այս մասին նշեց Կարմի խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Գոհար Տեր- Հակոբյանը:

 

«Սովորաբար մենք այցելում ենք այդ անձին, գնահատում ենք պահման պայմանները, առողջական վիճակը, ստացված տեղեկություններով կիսվում ենք ներգրավված պատկան մարմինների հետ: Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց Գոհար Տեր- Հակոբյանը:

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն են:

 

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր Աշոտ Ահարոնյանը: