Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմի հանրային կապերի բաժնից, որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ:
Արման Թաթոյանը Ժնևում Պատրիկ Վիալի հետ հանդիպմանը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները նրա առողջական վիճակի, ինչպես նաև անհրաժեշտ հատուկ խնամք և բուժում ստանալու վերաբերյալ։
Բարձրացվել է ընտանիքի անդամների հետ ձայնային կամ տեսաձայնային եղանակով հաղորդակցությունն ապահովելու վերաբերյալ ծնողների և փաստաբանի խնդրանքը, քանի որ Կարեն Ղազարյանի հետ հաղորդակցությունը ներկայումս իրականացվում է միայն թղթային նամակագրության միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս ծնողներին անմիջականորեն շփվելու իրենց որդու հետ։
Հանդիպման ընթացքում պաշտպանը բարձրացրել է նաև գլխավոր հարցը, որը վերաբերում է Կարեն Ղազարյանի վերադարձին՝ հաշվի առնելով, իհարկե, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ որպես անկախ և անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, չի տանում կողմերի անունից բանակցություններ նմանատիպ հարցերով, այլ միայն ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն և իրականացնում է դրա կազմակերպական աշխատանքները։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները այս և մյուս հարցերով: