3 տարի ազատազրկման դատապարտված «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» անազատության մեջ մնացած միակ դատապարտյալ Արթուր Մովսիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Ես՝ քաղբանտարկյալ Արթուր Մովսիսյանս, հայտարարում եմ անժամկետ հացադուլ, որով ուզում եմ վարչապետի, նոր կառավարության, ԲԴԽ-ի և հանրության ուշադրությունը հրավիրել երկրի իշխանության ճյուղերից մեկի՝ դատական համակարգի և մասնավորապես վճռաբեկ դատարանի քրեական պալատի քմահաճ վերաբերմունքին իրենց աշխատանքին և իրենց մոտ մուտք եղած գործերին»,- փաստաբանի փոխանցմամբ, հայտարարել է Մովսիսյանը։
Փաստաբանի խոսքով՝ Արթուր Մոսվսիսյանն ունի առողջական մի շարք խնդիրներ. «Նա ունի վիրահատության կարիք: Մենք դիմել ենք դատապարտյալների հիվանդանոց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որպեսզի վիրահատեն, սակայն չարեցին տարբեր պատճառաբանություններով, ասում են՝ պետպատվեր չկա, բայց հստակ պատասխան չեն տալիս: Որովայնի հատվածի ճողվածքի պարագայում հացադուլի հետևանքները չափից դուրս ծանր կլինեն նրա համար»,- ասաց Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը ձերբակալվել է Մոսկվայում և իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ այս գործով մյուս դատապարտյալներն ազատության մեջ են, իսկ գործի անջատված մասով անցնող Արթուր Մովսիսյանը՝ ոչ։