«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինձ հետ քննարկելու որոշ հարցեր ունի: Ես նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն, որտեղ սուրճ ենք խմել և քննարկել Արցախին վերաբերող հարցեր: Նա ինձ տեղեկություններ է տվել, որոնք մտածել է, որ կարող են ինձ հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ասեմ, որ նա ինձ չի հայտնել տեղեկություն, որն ինձ հայտնի չէր»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ վարչապետի պաշտոնում իր առաջին գործերից մեկը եղել է Արցախի խնդրի շուրջ ամբողջական տեղեկատվություն ստանալը:
Փաշինյանի խոսքով՝ Առաջին նախագահի հետ ներքաղաքական հարցերի չեն անդրադարձել, հիմնականում խոսել են Արցախի խնդրի ու արտաքին քաղաքական հարցերի մասին. «Այս պահին կրկին հանդիպելու անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն չեմ բացառում, որ ինչ-որ իքս պահի նման անհրաժեշտություն կարող է ծագել: Կախված է իրավիճակից»,- նշեց վարչապետը: