Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է նոր կառավարության տնտեսական սկզբունքները:  Փաշինյանի կաբինետի վարած տնտեսական քաղաքականությունը մինչ օրս բազմաթիվ հարցեր էր առաջացնում, քանի որ հասկանալի չէր՝ իսկ ինչո՞վ է այն տարբերվելու կամ տարբերվում նախորդ կառավարությունների ներկայացրած և իրականացրած տնտեսական ռազմավարություններից:

Փաշինյանն իրականում առաջարկում է իրականացնել ոչ թե տնտեսական հեղափոխություն, այլ եկամուտների վերաբաշխում, թերևս գիտակցելով, որ տարիներ շարունակ Հայաստանի տնտեսության «աքիլլեսյան գարշապարը» եղել է հենց այդ եկամուտների անարդար բաշխումը: Փաշինյանն արդեն մի քանի անգամ հրապարակային հայտարարություններ է հնչեցրել, որ երկրում, պարզվում է, շատ փող կա, և այժմ առաջացել է այդ փողը ճիշտ աշխատեցնելու խնդիր: Ըստ էության, նոր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու նաև հարկային բեռի եւ սոցիալական աջակցության ոլորտում փոփոխությանը: Դրա մասին է խոսում նաև սոցապ նախարարի առաջարկը՝ նվազագույն թոշակը 23 հազարից պետք է բարձրացվի 25 հազար, իսկ երկրորդ երեխայի ծննդյան նպաստը՝ 50 հազարից 150 հազար դրամ: Այսինքն, տնտեսական քաղաքականության փոփոխության հիմքում լինելու է հենց եկամուտների արդար վերաբաշխումը. Ինչո՞ւ:

 

Անկախության առաջին տարիներին Հայաստանում տնտեսական անհավասարությունը խիստ բարձր էր. այն չափող Ջինիի գործակիցը մոտ էր 0.65-ի (Ջինիի գործակցի արժեքները գտնվում են [0,1] միջակայքում, եւ որքան արժեքը մոտ է 1-ին, այնքան եկամուտների բաշխումը բեւեռացված է): Հետագա տարիներին, մինչեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը, անհավասարությունն անշեղ կերպով նվազում էր: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների, 2008 թվականից ի վեր Ջինիի գործակիցը Հայաստանում կրկին աճում է` խորացնելով բնակչության բեւեռացումն ըստ եկամուտների: Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում բնակչության բեւեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի ավելի խորն է` սպառման ցուցանիշի համեմատ: Թեեւ սա օրինաչափ երեւույթ է, սակայն Հայաստանի տնտեսության պարագայում տարբերությունը զգալի է եւ քրոնիկ: Մեծ հաշվով, սա նշանակում է, որ բնակչության սպառումը ապահովվում է պարտքերի հաշվին: Եկամտային անհավասարության հետ ուղղակիորեն կապված է նաեւ աղքատությունը: 

Նոր կառավարությունը հենց գործող մոդելի փոփոխությունն է դրել տնտեսական հեղափոխության  հիմքում՝ շատ լավ գիտակցելով, որ երկարաժամկետ հատվածում կայուն տնտեսական աճ ունենալու համար բացարձակ թվերից բացի պետք է հոգ տանել նաեւ, թե ինչ համամասնությամբ է բաշխվում նոր ստեղծվող արդյունքը: