ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում խոսեց նոր ակումբների ստեղծման մասին:
Հայրապետյանի խոսքով՝ Սպորտի նախարարը հանդիպել է իր հետ, քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ Հայրապետյանին նախարարը տեղեկացրել է ֆուտբոլային երկու ակումբ պատրաստելու մասին:
«Պատասխանել եմ, որ թույլ չեմ տալու նույն ֆինանսավորման աղբյուրից լինի երկու ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն արգելում են նույն ֆինանսավորման աղբյուրից նույն առաջնությունում լինի երկու ակումբ:
Չի՛ կարելի, մեր կանոնադրությունն էլ թույլ չի տալիս, որ որևէ ակումբ օդից հայտնվի Բարձրագույն խմբում՝ առանց որևէ առաջնության մասնակցելու»,- ասաց Հայրապետյանը, հավելելով, որ ինքը Սպորտի նախարարին տեղեկացրել է, որ «Էրեբունի» ակումբը ֆինանսական խնդիրներ ունի:
Հայրապետյանը նշում է նաև, որ իր հորդորով բանակցություններ են տեղի ունեցել.
«Նրանք վերցրել են «Էրեբունի» ակումբը, որը մոտ ժամանակներս, կարծում եմ, կանվանափոխվի «Կոտայք»:
Այդ ժամանակ գործկոմը կարող է որոշում կայացնել, որ միանգամից 4 թիմ մտնի Բարձրագույն խումբ, այդ դեպքում կունենանք տասը թիմ: Սա Ֆեդերացիայի և գործկոմի իրավասության մեջ է մտնում և կանոնակարգի համաձայն է: Բայց ակումբ, որը Հայաստանի որևէ առաջնությունում չի մասնացում և միանգամից գա Բարձրագույն խումբ, անթույլատրելի է: Առաջին խմբից կարող են գալ և մասնակցել»,- ասել է Հայրապետյանը: