«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի  եղբայր Արարատ Խանդոյանը երեկ ԳԱԼԼԱ TV-ին տված հարցազրույցի ժամանակ ասել էր՝ «Իրականում, Հայաստանում ոչինչ չի փոխվել. միայն իշխանիկների տեղն է փոխվել»։ Այս արտահայտությունը լայն քննարկումների առիթ էր դարձել և հարց է առաջացել՝  արդյո՞ք Արարատ Խանդոյանի տեսակետը «Սասնա Ծռեր»-ի պաշտոնական դիրքորոշումն է։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանն ասաց, որ Արարատ Խանդոյանի արտահայտությունը չի կարող որևէ աղերս ունենալ «Սասան Ծռեր»-ի տեսակետի հետ, քանի որ նա իր անձնական կարծիքն է հայտնել։

 

«Արարատ Խանդոյանը «Սասնա Ծուռ» չէ, իր եղբայրն է «Սասնա Ծուռ»։ «Սասնա Ծռեր»-ի գործով շատ մարդիկ են ձերբակալվել և երկու տարի բանտում անցկացրել, բայց դա չի նշանակում, որ նրանք խմբի անդամներ են։ «Սասնա Ծռեր»-ն այն 30 հոգին են, որոնք մտել են գունդ, և մինչև հիմա շարունակվում է նրանց դատավարությունը»,-ասաց Սիմոնյանը։

Նշենք նաև, որ Արարատ Խանդոյանն ասել էր, որ պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին, որին ի պատասխան Սյուզան Սեդրակյանը նկատեց, որ այդ հարցով իրենք որևէ քննարկում չեն ունեցել, քանի որ խմբավորման անդամները դեռ կալանավորված են։

«Դրա մասին խոսելն անիմաստ է։ Այս պահին ավելի կարևոր հարց ունենք՝ դա «Ծռերի» խափանման միջոցի փոփոխությունն է։ Երբ դուրս կգան, քննարկումներ կլինեն, պարզապես գիտենք, որ դա լինելու է, քանի որ թե՛ «Սասնա Ծռեր»-ը, թե՛ «Հիմնադիր Խորհրդարան»-ն  իր աջակցությունն է արտահայտել նոր կառավարությանը»,-հավելեց նա։