Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, անցկացվելու են սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում: Հստակ օրը դեռ հաստատված չէ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել էր հուլիսի 9-ին: Դրանից հետո, ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, գործող ավագանին կարող էր իր կազմից ընտրել նոր քաղաքապետ: Բայց ավագանու երեք խմբակցություններից թեկնածու առաջադրվեց միայն «Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Մյուս երկու խմբակցություններից՝ ՀՀԿ-ից եւ ԵԼՔ-ից ոչ միայն թեկնածու չառաջադրվեց, այլեւ դրանք չմասնակցեցին քաղաքապետ ընտրելու նպատակով հրավիրված նիստին: Այդ պարագայում օրենքը իրավասություն է տալիս կառավարությանը՝ կրճատել գործող ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
 
Մինչ այս պահը, իհարկե, բազմաթիվ թեկնածուների անուններ են հնչել, որոնք ունեն մեկ կարևոր ընդհանրություն՝ նրանք բոլորն էլ զուրկ են այն հատկանիշներից, որոնք անհրաժեշտ են՝ ղեկավարելու երկրի մայրաքաղաքը, որը, համաձայնեք՝ պարզապես քաղաք լինելուց զատ, նաև վարչական ռեսուրսների առյուծի բաժինն է վերահսկում, և բացի այդ՝ չմոռանանք, որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի բնակչության կեսից ավելին: Հետևաբար, այստեղ Փաշինյանը լուրջ խնդրի առաջ է կանգնած. նրան անհրաժեշտ են խարիզմատիկ, հանրության կողմից ընդունված գործիչներ, որոնք կունենան նաև մենեջերի հատկանիշներ՝ առնվազն Երևանի մակարդակում փոքր-ինչ թեթևացնելով վարչապետ Փաշինյանի ուսերին դրված բեռը: Ո՞վ կարող է դիտվել իբրև նման թեկնածու՝ Սերժ Սարգսյանի մտերիմ հանդիսացող «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրե՞նը, ում անունը մամուլում հոլովվեց դեռ մինչ Տարոն Մարգարյանի հրաժարականը, անփորձ Թեհմինա Ենոքյա՞նը, Ալեն Սիմոնյա՞նը թե՞ Հայկ Մարությանը, ով, լինելով փայլուն արտիստ, միևնույն ժամանակ, չի կարող դառնալ Փաշինյանի քաղաքական թիկունքը Երևանում՝ չլինելով «քաղաքականության մարդ»: Շրջանառվում է նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի անունը, ով, սակայն, դժվար թե հրաժեշտ տա իր պաշտոնին, որքան էլ որ այդ պաշտոնի հակասահմանադրականությունն ընդունվում է նաև օրվա իշխանությունների կողմից:
 
Կադրային խնդիրը, որին այսօր բախվում է համակարգը, երեկ չի առաջացել: Դեռևս Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ստեղծվել էր մի իրավիճակ, որն ամայացնում էր քաղաքական դաշտը, զրկում այն լիդերներից՝ կենսունակ թողնելով միայն նրանց, ովքեր համաձայնվել են շարժվել Սարգսյանի «դաբրոյով»: Դա, իհարկե, բերել է այն իրավիճակին, որին ականատես ենք այսօր՝ կադրային սով, վառ ընդգծված լիդերների, քաղաքական խարիզմատիկ գործիչների պակաս: Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, հնարավորություն է ստեղծվել նաև նման գործիչների համար, նրանց համար, ովքեր ժամանակին սկզբունքային են գտնվել և չեն ցանկացել Սերժ Սարգսյանի հետ ճանապարհ անցնել և այն, որ նրանց մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին՝ այդ ընտրությունները էլ ավելի հետաքրքիր և մրցակցային կդարձնի՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: