ՔՊ-ն այսօր անցկացնում է իր երկար սպասված և մեկ անգամ հետաձգված համաժողովը։ Ինչպես հայտնի է, համաժողովի ընթացքում նախատեսված է ընտրել վարչության նոր կազմ, որն էլ կընտրի նախագահ: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները չորսն են՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ եւ այդ պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ըստ էության, պայքարը վարչության նախագահի պաշտոնի համար ընթանալու է այս չորսի միջև:
Կասկածից վեր է, որ թեև Նիկոլ Փաշինյանը ըստ կանոնադրության չի կարող ընտրվել վարչության նախագահի պաշտոնում, սակայն, հենց նրա ձայնն է լինելու վճռորոշ, թե վերը նշված քառյակից ով կընտրվի: Իսկ որոշելու է Փաշինյանը անկասկած վերջիններիս լոյալությունը հաշվի առնելով, հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ իր՝ Փաշինյանի դիրքերը բավական խարխուլ էին: Ինչպես էին իրենց դրսևորում Փաշինյանի «նեղ կռուգի» կարկառուն ՔՊ-ականները 44-օրյա պատերազմից հետո:
Պատերազմից հետո Ավինյան-Փաշինյան հարաբերությունները բավականին լարված էին, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանը ընդգծված դիստանցիա էր պահում թե վարչապետից, թե ՔՊ-ից՝ ձգտելով մնալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների ստվերում, ինչն էլ առաջացնում էր թիմակիցների զայրույթը: Առաջին ծիծեռնակը եղավ այն ժամանակ, երբ Փաշինյանը հրահանգեց կապարակնքել Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը, քանի որ միջանցիք քամու պատճառով դուռը աղմուկով փակվել էր։ Դրան հաջորդեց Փաշինյան-Ավինյան լեզվակռիվը կառավարության նիստի ընթացքում: Այնուհետև Ավինյանը չընդգրկվեց 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ՔՊ համամասնական ցուցակում, ընդ որում՝ իր որոշմամբ, քանի որ անհամաձայնություններ ուներ կապված նախընտրական ցուցակի հետ: Ինչևէ, պարզից էլ պարզ է, որ տարաձայնությունները շատ ավելի խորքային էին, քան փորձ էր արվում ներկայացնել: Այսօր էլ այդ տարաձայնությունները հաճախ ջրի երես են դուրս գալիս, թեև Ավինյանը «կռվով-դավով» ընտրվեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում, սակայն, դեռևս հստակ չէ՝ արդյոք նա է լինելու քաղաքապետի իշխանական թեկնածուն, թե Փաշինյանը վերջին պահին առաջ կբերի մեկ այլ թեկնածուի՝ խառնելով Ավինյանի պլանները: Ամեն դեպքում՝ Ավինյանը անում է ամեն բան՝ իրեն Փաշինյանի կողմից «քցվելուց» ապահովագրելու համար:
Ի տարբերություն Ավինյանի՝ Սուրեն Պապիկյանը պատերազմից հետո շարունակեց կանգնած մնալ Փաշինյանի կողքին: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Պապիկյանը ակտիվորեն ներգրավված էր նախընտրական շտաբի աշխատանքներում, իսկ ընտրություններից հետո Փաշինյանը վարձահատույց եղավ վերջինիս լոյալության համար՝ նշանակելով նրան սկզբում փոխվարչապետի, ապա ՊՆ նախարարի պաշտոններում և տալով լայն լիազորություններ:
Նույնը կարելի է ասել նաև Ալեն Սիմոնյանի և Արայիկ Հարությունյանի մասին: Պատերազմից հետո երկուսն էլ իրենց հրապարակային աջակցությունն են հայտնել Փաշինյանին և ակտիվորեն առաջ են տանում վերջինիս առաջ քաշած խաղաղության օրակարգը: Չնայած Արայիկ Հարությունյանի վերաբերյալ շատ էր խոսվում այն մասին, որ նա կառավարության ներսում թիմ է ձևավորել ու ցանկանում է հասնել նրան, որ կառավարության տարբեր գերատեսչություններում իր յուրայինները աշխատեն, միևնույն ժամանակ Հարությունյանի այս քայլերը որևէ կերպ ուղղված չեն Փաշինյանի դեմ և նա այս առումով առանձին խաղ չի խաղում:
Խոսելով ՔՊ վարչության նախագահի չորս թեկնածուների մասին, հարկ է նաև ընդգծել, թե ինչ հակասություններ են առկա նրանց միջև: Դիցուք՝ ՔՊ-ում Պապիկյանի և Ավինյանի թևերի միջև ընթացող պայքարը նոր չէ: Բանն այն է, որ շատերի կարծիքով ՔՊ ազգային «թևի» հետևում հենց Պապիկյանն է, ով հայտնի է որպես ընդգծված հակասորոսական պաշտոնյա և վերջինս իր թիմով հանդերձ ձգտում է հնարավորինս մեկուսացնել սորոսականներին՝ զրկելով նրանց ազդեցության լծակներից: Ընդ որում, այդ գործընթացը սկսել էր դեռ երկու տարի առաջ՝ ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ, երբ Պապիկյանը ընտրվեց վարչության նախագահ, իսկ մի շարք կարկառուն սորոսականներ դուրս մնացին կուսակցության ղեկավար կազմից: Մինչդեռ Տիգրան Ավինյանը համարվում էր կարկառուն արևմտամետ գործիչ և փոխվարչապետ աշխատելու ընթացքում աչքի էր ընկել նաև սորոսական ՀԿ-ին մի շարք արտոնություններ շնորհելով: Սորոսականների հետ բավական սերտ կապեր ունի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա հարաբերություններն էլ ՔՊ առանցքային թևերի հետ հարթ չեն: Մամուլը գրել էր, որ Փաշինյանը հրաժարվել էր Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մտքից հենց այն պատճառով, որ նրա թեկնածությանը դեմ են եղել ՔՊ բոլոր առանցքային թևերը:
Ընդհանուր առմամբ, խոսելով ՔՊ վարչության նախագահի հավանական թեկնածուների մասին, պետք է փաստենք, որ հետզհետե աճում է Ալեն Սիմոնյանի քաղաքական կշիռը թե թիմի ներսում, թե քաղաքական ողջ դաշտում, որտեղ նաամենաակտիվ ֆիգուրներից է և դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ Տիգրան Ավինյանը ըստ էության այսօր կենտրոնացած է քաղաքային կառավարման վրա, Սուրեն Պապիկյանը լինելով ուժային բլոկի ղեկավար գրեթե չի միջամտում քաղաքական պրոցեսներին, իսկ Արայիկ Հարությունյանը նախընտրում է գործել ստվերում:
Փաշինյանն, իհարկե, կարող է պնդել, որ իր ղեկավարած կուսակցությունում չեն կարող լինել թևեր, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ թևերն առաջացել են և առաջացել են նաև այն պատճառով, որ ՔՊ ղեկավարման համակարգը ի տարբերություն նույն ՀՀԿ-ի ավտորիտարիզմին այնքան էլ հակված չէ և ՔՊ ղեկավարը չունի միանձնյա կառավարելու այնպիսի լիազորություններ և մեխանիզմներ, ինչպիսիք ուներ դիցուք՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում, Փաշինյանի դերը կուսակցության կառավարման գործում միշտ էլ եղել է նոմինալ է և սիմվոլիկ: Արդյունքում նա լայն ծավալի լիազորություններ է դելեգացրել իր յուրայիններին, վերջինս էլ հմտորեն այդ լիազորություններից օգտվել են: Եվ ստացվել է այնպես, որ այսօր նա կանգնած է բարդ ընտրության առաջ՝ ում՞ վստահել քաղաքական մեծամասնության ղեկավարումը առանց իր իշխանության համար պոտենցիալ ռիսկեր ստեղծելու...