Հայաստանի տնտեսությունը մտել է այնպիսի բարձր տուրբուլենտության փուլ, որ առկա խնդիրները չի կարող կոծկել անգամ վարչապետ Փաշինյանը: Կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստի ժամանակ Փաշինյանը անդրադառնում է տնտեսական բլոկին և նշում, որ հուսադրող նորությունների սպասել պետք չէ: Իսկ սա նշանակում է, որ առկա խնդիրների մեջ, սովորության համաձայն, մոտ ապագայում մեղավորներ կկարգվեն, իսկ այ թե ում գլուխը կամ գլուխներն են թռնելու՝ գիտի միան Փաշինյանը:

Վտանգավոր գոտում է միանշանակ տնտեսության թիվ մեկ պատասխանատուն՝ էկոնոմիկայի նախարարը, ում խոստացված երկնիշ տնտեսական աճին սպասելուց հանրության աչքը ջուր կտրեց: Չկան նաև Վահան Քերոբյանի կողմից անոնս արված հորդացող ներդրումները: Աղքատության ցուցանիշներն էլ շարունակում են աճել:

Ինչ վերաբերվում է գնաճին, ապա այստեղ որևէ խնդիր չի տեսնում դիցուք՝ ՄՊՀ-ն: Գեղամ Գևորգյանը պարբերաբար զեկույցներ է հրապարակում, որոնցից պարզ է դառնում, որ գնաճի թիվ մեկ մեղավորը միջազգային շուկաներն են, իսկ տեղական օլիրգարխները որևէ կերպ ստեղծված իրավիճակի մեջ մեղավորություն չունեն, ավելին՝ նույնիսկ մենաշնորհ չունեն:

ՊԵԿ-ը թեև հաջողում է հավաքագրել նախատեսվածից էլ շատ հարկեր, սակայն, ամեն դեպքում ինքը' ՊԵԿ նախագահը, ընդունում է, որ ունենք խնդիրներ օրինակ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում և ունենք պոտենցիալ, որը լիարժեքորեն չի իրականացվում: Բացի այդ, եթե նայենք խոշոր հարկ վճարողների ցանկը, ապա պարզ կդառնա, որ հարկերի հավաքագրումը ավելացել է ի հաշիվ փոքր ու միջին բիզնեսի:

ԿԲ-ն նույնպես անչափ դանդաղ է արձագանքում ստեղծված ռիսկերին: Ռուս-ուկրաինական պատերազմից ընդամենը շաբաթներ անց Մարտին Գալստյանի ղեկավարած կառույցը բարիհաճեց կիսատ-պռատ վերլուծություն տարածել, թե ինչ ռիսկերի կարող է բախվել ՀՀ տնտեսությունը ստեղծված իրավիճակում: Սակայն, թե ինչպես պետք է հնարավոր դառնա դիմակայել այդ ռիսկերին՝ չգիտեն անգամ ԿԲ-ում:

Ինչպես հասկանում ենք՝ պոտենցիալ մեղավորների պակաս Փաշինյանը չունի, մնում է հասկանալ, թե իրեն ջրից չոր դուրս բերելու հերթական արարի ժամանակ տնտեսական բլոկի պատասխանատուներից ում կզոհաբերի վարչապետը...