Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է արտոնություններ ստացող սահմանամերձ համայնքների դպրոցներում ներառել դպրոցական երեխաներին սննդով ապահովման փորձնական ծրագրում:

 

Խորհրդարանում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավո րը՝ դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին, ողջունեց, որ նման նախագիծ է քննարկվում ԱԺ-ում և առաջարկեց վերաձևակերպում անել բյուջեի նախագծում կամ այս նախագծով ամրագրել, որպեսզի սահմանամերձ համայնքների դպրոցների երեխաները նույնպես օգտվեն դպրոցական երեխաներին սննդով ապահովելու փորձնական ծրագրից։

 

Նա ընդգծեց, որ ծրագիրն իրականացվում է նախորդ տարվանից, հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում, և այս տարի նախատեսվում է, որ դպրոցների շրջանակը պետք է ավելի քան երկու ան գամ ընդլայնվի։ «Ճիշտ է, գործող ծրագրերով մի քանի սահմանապահ համայնքներ արդեն իսկ կօգտվեն դրանից, բայց քանի որ այս մոտեցմանը հասել ենք, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այդ մոտ 31 համայնքները նույնպես ընդգրկվեն այդ ծրագրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա կարելի է անել առանց ծախսերի՝ ընդամենը բյուջեում որոշակի վերահաշվաիկ կատարելով։

 

 

Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերետրյանը, մինչ հարցին կպատասխաներ, նախ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ այս նախագծի շուրջ աշխատանքային քննարկումներին ակտիվ մասնակցելու համար։ Այնուհետև նա նշեց, որ իրենք կքննարկեն առաջարկը, ինքը կներկայացնի այն պատկան մարմիններին, որպեսզի անեն այնպես, որ համայնքների ընդգրկումն ավելի մեծ լինի։

 

 

Ազգային ժողովն ավարտել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից մասնակի փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները: