Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Հուլիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

 

«Իրավիճակն այդ օրերին Երևանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Սա ասում եմ, որպես քաղաքացի, ում տան մոտակայքում էին կատարվում բուն գործողությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

 

Դավիթ Հարությունյանը նշեց է, որ արտակարգ դրություն հայտարարելը մտնում է ՀՀ նախագահի այն գործիքակազմի մեջ, որը նրան տրված է Սահմանադրությամբ, և իր պաշտոնավարման ընթացքում իր արածների համար նախագահը չպետք է պատասխան տա լիազորությունների դադարումից հետո:

 

«Նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել ՀՀ անվտանգությունը: Եվ հենց այդ լիազորությունները, որոնք տրված են նախագահին իր առջև դրված խնդիրները լուծելու համար, դրանցից բխող ցանկացած գործողություն, չեն կարող ենթադրել հետագայում պատասխանատվություն այդ քայլերի համար: Այլապես, ցանկացած նախագահ, ամենավճռորոշ պահին, երբ պետք է ռազմական դրություն, ընդհուպ' պատերազմ հայտարարի, նա կարող է լինել կաշկանդված, մտածելով' իսկ ի՞նչ կլինի իշխանափոխությունից հետո»,- նշեց նախկին նախարարը:

 

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, Հարությունյանը ՀՔԾ- տարածած հաղորդագրությունում իրավական լեզու չի տեսնում:

 

«Իմ իրավական գնահատականը տվել եմ այն հաղորդագրությանը, որը օրեր առաջ Միքայել Հարությունյանի հետ կապված հնչել էր մամուլում, և, գրեթե անփոփոխ, հնչել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Այդտեղ ես իրավական հատված չեմ տեսնում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Նա ծայրաստիճան մտահոգիչ համարեց երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը: Հարությունյանի խոսքով' արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը նախատեսում է ԶՈՒ օգտագործումը արտակարգ դրության ժամանակ:

 

«Օրենքն ընդունվել է 2012թ.-ին, իսկ օրենքի նախագիծն անցել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը, և այդ առումով որևէ առարկություն չի եղել, որովհետև նմանատիպ մոտեցում որդեգրված է բազմաթիվ երկրներում»,- նշեց Հարությունյանը:

 

Դավիթ Հարությունյանի խոսքով' շուտով այս հարցի շուրջ Հանրապետական կուսակցությունը կներկայացնի իր քաղաքական գնահատականը: