ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները համարում են, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, հեռուստատեսությամբ ներկայացնելով մարտի 1-ի գործի վերաբերյալ որոշ մանրամասներ ու վերլուծություններ, միջամտել է գործին:

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սարգիս Գրիգորյանը նշեց, որ իր գնահատմամբ, «ՀՔԾ պետի վերլուծությունը կոնկրետ քրեական գործի վերաբերյալ միջամտություն է արդարադատությանը»: «Դա հստակ ամրագրված նորմ է սահմանադրական օրենք «Դատական օրենսգրքում», որը արձանագրում է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից ու քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական գործընթացը: Մենք կարծում ենք, որ հրապարակային հայտարարությունը կամ գործի քննարկումը անմիջական միջամտություն է գործին»,- ասաց նա:

 

Պաշտպանական խմբին միացած փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով էլ՝ հնչեցվող գնահատականները չպետք է լինեն այնքան միանշանակ, որից աներկբա հետևի, որ տվյալ մեղադրյալը հաստատ կատարել է այդ հանցագործությունը: «Դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտումներից, դրսևորումներից մեկն է»,- ավելացրեց նա:

Պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ մտավախություն հայտնեց, որ Սասուն Խաչատրյանի խոսքերը կարող են ազդել գործը քննող դատավորի վրա: «Հարցազրույցը կարող է տեսնել նաև այն դատավորը, որը պետք է լսի այս բողոքը: Մարդը կարող է վախենալ ու մտածել, որ եթե հանկարծ վաղը գտնեն, որ ինքը սխալ որոշում է կայացրել, ո ՞վ պետք է քննի՝ պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը, որի պետն արդեն երեկ իր գնահատականները տվել է: Այս տեսանկյունից ևս հարիր չէր նրա ելույթը»,-ասաց Ռուբեն Սահակյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 3-ին Առաջին ալիքի «Օրակարգ» հարցազրույցի շրջանակներում գաղտնազերծեց հույժ գաղտնի «0038» հրամանից որոշ հատվածներ՝ նշելով, որ դրանք անհերքելի ապացույցներ են, որ ՀՀ երկրորդ նախագահը Զինված ուժերին ներքաշել է ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը թույլատրված չի եղել, և նպաստել է սահմանադրական կարգի տապալմանը: Բացի այդ՝ նա կարծիք հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը պետք է մերժի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի կալանավորված մնալ գործի հետագա ընթացին չմիջամտելու համար:

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին որոշում է կայացել երկու ամսով կալանավորելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույն արարքի մեջ են մեղադրվում նաև 2008-ին պաշտպանության փոխնախարար, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Հարությունյանը հետախուզման մեջ է, Խաչատուրովը ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։