Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց՝ կալանքը փոխելու և գրավի դիմաց նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստից առաջ լրագրողներին հայտնեց` չի կարծում, թե դատական վճիռն այսօր կհրապարակվի։
«Չգիտենք՝ նիստն ինչպես կընթանա, որովհետև այս պահին մյուս կողմն է ելույթ ունենում։ Կախված մյուս կողմի բովանդակությունից նիստը կստանա որոշակի ընթացք, որը ես կանխատեսել չեմ կարող։ Դատավարությունը հնարավոր է՝ այսօր ավարտվի, բայց դատական ակտն այսր կասկածում եմ, որ կհրապարակվի»,-ասաց Ալումյանը։
Անդրադառնալով դատախազների կողմից կանխակալ վերաբերմունքին՝ Ալումյանը բնական համարեց, և նկատեց, որ վատ կլիինի, եթե դատարանները կանխակալ վերբերմունք ունենան։
«Մինչև այժմ չեմ նկատել դատարանի կողմից կանխակալ վերաբերմունք»,- հավելեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ երեկ շուրջ ութ ժամ տևած քննությունից հետո դատական նիստն ընդմիջվել է։ Այսօր բողոքների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնելու մեղադրող դատախազները։