Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը  նոր պաշտոնում 100-օրյա գործունեության ամենամեծ ձեռքբերում է համարում համակարգում կոռուպցիոն դրսևորումների վերացումը: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը նշեց, որ իր՝ ոստիկանապետի պաշտոնում 100 օրը լրանում է օգոստոսի 20-ին, և հանրությանը մանրամասն կտեղեկացնի պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի մասին։
«Ամենամեծ ձեռքբերումը, կարող եմ հպարտորեն և վստահ ասել, որ ՀՀ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ»,- ասաց Օսիպյանը:


Հարցին, թե արդյոք ավարտվե՞լ են կադրային փոփոխությունները ոստիկանությունում, և ի՞նչ նորություն կա ներքին զորքերի հրամանատար նշանակելու վերաբերյալ, քանի որ Լյովա Երանոսյանից հետո դեռ նշանակում չի արվել, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Կադրային փոփոխությունները (բնագավառներում), ինչպիսին ոստիկանության համակարգն է, միշտ եղել և լինելու են, իսկ ներքին զորքերի հրամանատարի վերաբերյալ ասեմ, որ ուսումնասիրություններ եմ կատարում և ունեմ մի քանի թեկնածու: Աշխատում եմ այնպիսի նշանակումներ լինեն, որ արժանի լինեն, բանիմաց լինեն և բացասական անցյալ չունենան»,- ասաց նա։