ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ամենամեծ ձեռքբերումը հաղթանակած հայ քաղաքացին է: Այս մասին Երևանի Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկից մեկնարկած քայլերթի ընթացքում լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
«Քայլերթի նպատակը ևս մեկ անգամ Հայաստանի քաղաքացիների հետ լինելն է, այս մթնոլորտն է նպատակը: 100 օրվա ընթացքում ամենակարևոր ձեռքբերումը հաղթանակած քաղաքացին է, և վստահությունն է ապագայի նկատմամբ: Դրանից ավելի մեծ ձեռքբերում չի կարող լինել, որովհետև սա որևէ տոկոսով չի կարելի հաշվել»,- ասաց վարչապետը::
Քայլերթը շարժվում է Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքը:
ՀՀ վարչապետի կազմակերպած երթին ու հանրահավաքին մասնակցելու համար Երևան են ժամանել Հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը: