Նոր մրցաշար, նոր ձևաչափ ու նոր հնարավորություններ. մեկ բառով՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա: Միլիոնավոր մարդիկ սիրված խաղից միշտ սպասելիքներ ունեն: Հենց դրա համար 2014 թվականին ՈւԵՖԱ-ի 38-րդ կոնգրեսի ժամանակ եվրոպական 54 ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն համաձայնեցին անցկացնել Ազգերի լիգա մրցաշարը:

Նոր մրցաշարը նոր հնարավորություն կտա պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: ՈւԵՖԱ-ում համոզված են՝ այն նաև կօգնի բարձրացնել ֆուտբոլի մակարդակն ու հեղինակությունն ազգային հավաքականների շրջանում:
 


Եվրոպական 55 հավաքականները, ըստ ՈւԵՖԱ-ի վարկանշային աղյուսակում իրենց զբաղեցրած տեղերի, ձևավորել են A, B, C և D դիվիզիոններն ու պայքարելու են լավագույնի կոչման համար՝ ուժեղագույն 12 թիմերը՝ A դիվիզիոնում, իսկ 16 հետնապահները՝ վերջինում: Ամեն դիվիզիոն էլ ունի 4-ական խումբ՝ բաղկացած են 3 կամ 4 հավաքականներից:

Այդ 4 դիվիզիոնների հաղթողները նվաճելու են Եվրոպայի առաջնության ուղեգրեր, իսկ վատագույն արդյունք գրանցած 4 թիմերը 2020-ի Ազգերի լիգայում խաղալու են ամենաթույլ դիվիզիոնում: Խմբային հանդիպումները կայանալու են այս տարվա սեպտեմբերին, հոկտեմբերին ու նոյեմբերին: Եզրափակիչ փուլն էլ նշանակված է 2019-ի գարնանը:

Գերմանիա, Պորտուգալիա, Իսպանիա, Բելգիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա՝ ֆուտբոլի աշխարհի ուժեղագույն հավաքականներն այստեղ էլ կփորձեն իրենց խոսքն ասել: Ի վերջո, յուրաքանչյուր մրցաշար նոր հնարավորություն է նախորդ սխալները շտկելու, երկրպագուների առջև լավագույն որակները դրսևորելու համար և ապացուցելու՝ պատահականությունն ու ձախորդությունը ուժեղագույններին էլ է հատուկ:

Աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը 1958 թվականից ի վեր առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում չհայտնվեց: Իտալիայում հավաքականի ձախորդությունն անգամ ապոկալիպսիս անվանեցին: Դա արդեն անցյալ է:

Նոր մարզչով ու նոր մարտավարությամբ իտալացիներն Ազգերի լիգայում կփորձեն անցյալում թողնել ձախորդ օրերն ու պատմություն կերտել:

Խորվաթիայի հավաքականին աշխարհի չեմպիոնությունից մի քայլ բաժանեց: Այնուամենայնիվ, խորվաթները հերոսացան իրենց համառ պայքարով ու պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ հասնելով: Ազգերի լիգայում նրանց հնարավորություններն էլ պակաս մեծ չեն:

Եվ, ի վերջո, Ֆրանսիա ու Գերմանիա: Աշխարհի գործող ու նախկին չեմպիոնները կազդարարեն Ազգերի լիգայի մուտքը մեծ ֆուտբոլ: Սեպտեմբերի 6-ին՝ ժ. 22:40-ին, «Շանթ»-ի ու «Շանթ պրեմիում»-ի եթերում ֆրանսիական ու գերմանական հակամարտություն կլինի: Այս երկու թիմերի հանդիպումների պատմություններն ամենից ինտրիգային են:

2014 թվականին Ֆրանսիան աշխարհի առաջնությունը լքեց Գերմանիայի թեթև ձեռքով, 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում էլ հակառակը եղավ: Ֆրանսիան վրեժ լուծեց ու դուրս թողեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունից: Ո՞ր թիմի կողմը կլինի հաջողությունն այս անգամ: Կշարունակվի՞ նույն տրամաբանությամբ ու հաջորդականությամբ, թե՞ նոր մրցաշարում մի նորություն էլ կլինի:

Ազգերի լիգայից այլ սպասում էլ կա՝ թեժ մրցակցություն, լարված հանդիպումներ ու սիրելի խաղացողներին ազգային թիմում ավելի շատ տեսնելու հնարավորություն:

Այս ամենը՝ միայն «Շանթ»-ի ու «Շանթ պրեմիում»-ի եթերում: