Հինգ տարվա ազատազրկումից հետո առաջին անգամ Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանը հնարավորություն ունեցավ անձամբ պատասխանել իր անվան շուրջ պտտվող մի շարք հարցադրումներին:
  
Շատերի կարծիքով, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի աղմկոտ կալանավորումների շարքում Շանթ Հարությունյանի խումբը թերևս միակն է, որի գործողություններն ունեին վառ արտահայտված քաղաքական մոտիվացիա։ Շանթ Հարությունյանը գաղափարական տեսակ է ու դա ապացուցել է իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում՝ այն նվիրելով Հայաստանի անկախության, ապագաղութացման համար պայքարին։ Հենց այս փաստն է պատճառը, որ շատերը տարակուսելի են համարում Փաշինյանի դիրքորոշումը՝ Հարությունյանին ազատ արձակելու հարցում: Առկա է որոշ մտայնություն, որ նախկին իշխանության մոտ առկա քաղաքական մոտիվացիան փոխանցվել է նաև ներկայիս իշխանությանը: Հարությունյանն ինքը ասուլիսում խոսեց նման հավանականության մասին՝ պնդելով, որ Փաշինյանը գուցե չի տիրապետում նրբություններին, իսկ քաղաքական պատվերը «իջնում է ռուսական ԿԳԲ-ից»: Այդ դեպքում ստացվում է, որ վարչապետի թիկունքում որոշ անհատներ կամ ուժեր որոշակի պատվեր են իրականացնում, ինչը, իհարկե՝ մտահոգիչ է, և Հարությունյանի հնչեցրած այս միտքն առանձին վերլուծության առարկա պետք է դառնա:
 
Շանթ Հարությունյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ բաց ռեժիմով ազատազրկումը կրելը՝ իսկ հենց դա է նրան առաջարկվում նոր իշխանությունների կողմից՝ իր համար ընդունելի չէ: Բացի հարցի բարոյական կողմից, Հարությունյանը կարծես փոքր-ինչ բացահայտեց նաև իր իրական նպատակները, որոնք էլ դրդում են նրան պնդել արդարացման վրա: Բանն այն է, որ ինչպես ինքը՝ Հարությունյանը նշեց՝ գուցե նա ցանկություն ունենա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մինչդեռ բաց ռեժիմը զրկում է նրան ինչպես ընտրելու, այնպես էլ ընտրվելու հնարավորությունից: Արդյո՞ք սա ակնարկ էր Հարությունյանի կողմից, որ հենց իր քաղաքական հնարավոր ակտիվացումը կանխելու նպատակով էլ նոր իշխանությունները պահում են նրան բանտում: Մյուս կողմից՝ Հարությունյանը ակնարկում է համաներում անցկացնելու անհրաժեշտության մասին, կարծես դրա բացակայությամբ, որոշակիորեն կասկածի տակ առնելով թավշյա հեղափոխության սիրո և համերաշխության բնույթը: Փաստացի, համաներումը ևս մեկ տարբերակ է, որով Հարությունյանը կկարողանա դուրս գալ բանտից՝ եթե ոչ իր, առնվազն՝ հարմար պայմաններով: 

 

 

Հարությունյանն այսօրվա իր ասուլիսի ընթացքում խոսեց նաև Մարտի 1-ի մասին, հայտարարելով, որ վարչապետ Փաշինյանի ելույթի համար են իրեն մեղադրանք առաջադրել ։«Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իմանա, որ Մարտի մեկին իմ դեմ մեղադրանք են ներկայացրել նաև Մարտի 1-ի իր ելույթը վերագրելով ինձ, իմ ելույթի տակ դրել են իր ելույթի հատվածը»,-ասաց Հարությունյանը։ Սա բավական ուշագրավ, և, կարելի է ասել, ճիշտ ժամանակին արված բացահայտում էր՝ քանի որ Հարությունյանի բանտարկման «բարոյական պատասխանատվությունը» ընկնում է նաև ներկայիս վարչապետի վրա, ով, իհարկե՝ այն ժամանակ գործել է առանց որևէ դիտավորության: Միևնույն ժամանակ, այդ «մեղքի» զգացումն էլ պետք է դառնա այն կատալիզատորը, որը կստիպի Փաշինյանին՝ ի վերջո գնալ գործնական քայլերի. այն քայլերի, որը նրանից սպասում է Հարությունյանը...