Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները առաջանցիկ տեմպերով զարգանում են քաղաքական ոլորտում, ռազմական ու անվտանգային, տնտեսական հարաբերութունների համատեքստում։ Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանը վստահաբար առաջինն է Հայաստանի տնտեսական գործընկերների թվում ու ամենաշատ ներդրումներ անողն է։ «Դա նաև էներգետիկան է, այդ թվում և ածխաջրածինների էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում՝ ամենացածր գներով, որ «Գազպրոմը» գազ է մատակարարում աշխարհին»,– նշեց Պուտինը։ Ռուսաստանի նախագահն ամփոփեց, որ այս ամենի համատեքստում իրենք ունեն քննարկելու թեմաներ:
 
Պուտինը կարծես ավելորդ անգամ շեշտադրում է, թե ներդրումների ծավալը, թե գազի գինը, որով «Գազպրոմը» Հայաստանին գազ է մատակարարում: Այն, որ այդ համատեքստում քննարկելու հարցեր են առաջացել, նշանակում է, որ կարելի է սպասել, որ ռուսական կողմը, հաշվի առնելով ՀՀ նոր իշխանությունների վերջին շրջանում կատարած քայլերը, գուցե վերախմբագրի թե՛ ներդրումների ծավալը, թե՛ գազի գինը: Որոշ տեղեկությունների համաձայն, նոյեմբերին գազի գինը Հայաստանի համար կթանկանա: Այն կթանկանա նաև Բելառուսի համար, սակայն Լուկաշենկոյին այնուհետև ընդառաջ կգնան, իսկ Հայաստանի համար սահմանված գինը կմնա նույնը: Ամեն դեպքում՝ Պուտինի շեշտադրումից արդեն իսկ հասկանալի է՝ որ ուղղությամբ է ՌԴ-ն պատրաստվում տնտեսական պրեսսինգի դիմել՝ եթե, իհարկե, դրա կարիքը առաջանա: Մյուս կողմից, ընդգծելով ՌԴ դերը Հայաստանի տնտեսության համար, Մոսկվան փորձում է հասկացնել Հայաստանի նոր իշխանություններին, որ ցանկացած քաղաքական մանևր կարող է հանգեցնել Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի դերի նվազեցմանը՝ իր անցանկալի և նույնիսկ դժվար հաշվարկելի հետևանքներով…