Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշման դեմ մենք այսօր բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Վերջինս հավելեց նաև, որ սպասում են իրենց պաշտպանյալի՝ գրավի դիմաց ազատ արձակման համար Վերաքննիչ դատարանին ուղղված՝ նախորդ ամսվա դիմումի պատասխանին:

«Դավիթ Համբարձումյանին դատարկ տեղը դարձրել են հեղափոխության սիմվոլ, զանգվածային անկարգություն կազմակերպող, ինչը, չեք պատկերացնի՝ ինչքան ծիծաղելի է: Սա ուղղակի համացանցային մանիպուլյացիա է: Տրամաբանենք էլի, ինչպե՞ս կարող է մի փոքրիկ քաղաքի քաղաքապետը գալ երևանի Էրեբունի թաղամասում ցույցի վրա հարձակում կազմակերպել, էլ չեմ ասում, որ նախաքննական մարմինը զրո ապացույց ունի»,-մեզ հետ զրույցում նկատեց Տիգրան Աթանեսյանը:

 

Մեր զրուցակցի խոսքով՝ դատարանները ևս ընդունում են, որ ոչ մի ապացույց չկար այդ մասով դեռ նախկինում, երբ նրան ազատ էին արձակել. «Իսկ նախկինից մինչև հիմա բան չի փոխվել: Հիմա դատավոր Մնացական Մինասյանը կալանավորում է և հրաժարվում  որևէ կերպ բաց թողնել»:

Ըստ Տիգրան Աթանեսյանի, դատավոր Մինասյանը, որը ժամանակին դատապարտել է նաև վարչապետ Փաշինյանին, շատ լավ հասկանում է, որ իր պաշտոնավարումը շուտով կավարտվի և Դավիթ Համբարձումյանի միջոցով փորձում է մնալ պաշտոնին:

«Սա պարզապես խայտառակություն է: Գոնե մի քանի լուրջ ապացույց ունենային, որ մտածեի՝ ինչպես կարելի է պայքարել դրա դեմ: Զրո»,-եզրափակեց Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, երբ մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Գործերը մեկ վարույթում են:

 

Նշենք, որ Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, իսկ Էրեբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով։

 Արմինե Միքայելյան