«Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, ընդամենը անուն-ազգանունի համընկնում է: Նշվեց մեկ անձի մասին, ով, իբր, Զորի Բալայանի բարեկամն է, բայց մենք պատկերացում չունենք՝ խոսքն ում մասին է: Եվս մեկ հոգի, հավանաբար, Վիկտոր Մնացականյանի մասին է խոսքը, որը Միքայել Մինասյանի սանիկն է, ուզում եմ հատուկ նշել, որ Վիկտոր Մնացականյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհներ փակելուն և դրա վերաբերյալ կան նաև տեսանյութեր: Գորգերով ճանապարհ փակելու հայտնի ակցիան իրականացվել է Աբովյան փողոցում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով երեկ հանրահավաքի ժամանակ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի բարեկամները տեղ են գտել «Իմ քայլը» դաշինքում:
Նազարյանը նշեց՝ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում այն դեպքում, երբ «Ծառուկյան» դաշինքը ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը. «Այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել Հանրապետական կուսակցության հետ: Այս ամենից հետո մեզ մեղադրանքներ են ներկայացնում հանրապետականների հետ համագործակցության մեջ»: