«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, քրեական գործ է հարուցվել թափառող շների ոչնչացումով զբաղվող «Յունիգրաֆ– Իքս» ՍՊ ընկերության նկատմամբ: «Փաստը» ՊԵԿ–ից փորձել էր պարզել, թե այդ գործով արդեն կա՞ն մեղադրյալներ, այս ընթացքում որքա՞ն գումար է վերականգնվել պետական բյուջե եւ, ընդհանրապես, ի՞նչ փուլում է գործը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Փաստին» տեղեկացրեցին, որ ՊԵԿ քննչական վարչությունում «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության տնօրեն Գագիկ Նորայրի Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարները չվճարելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Նշված հոդվածով նախատեսվում է ազատազրկում' հինգից տասը տարի ժամկետով' գույքի բռնագրավմամբ: Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու նպատակով նշանակվել է համալիր հարկային ստուգում: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը դեռեւս մայիսի վերջին հաղորդագրություն էր տարածել, որ ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը, իրացնելով օպերատիվ տվյալները, «Յունիգրաֆ–Իքս» ընկերությունում հայտնաբերել էր շուրջ 185 մլն դրամի յուրացում:
Հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ տվյալ ընկերության գործունեության վերահսկողությունը իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը: Ի դեպ, այս մասին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը պարզաբանում էր տվել՝ նշելով, որ ընկերության հաշվապահական խնդիրները չեն ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: