«Օրինաց Երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն ամփոփեց Երևանի Նուբարաշեն համայնքում:

Կուսակցությունը սեպտեմբերի 21-ի նախընտրական օրը սկսել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից` քայլերթով, ապա այն շարունակել Նուբարաշենի Սրբոց նահատակաց եկեղեցու բակում:

 

Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Մհեր Շահգելդյանի խոսքով` իրենք քարոզարշավի ընթացքը դրական են համարում:

«Բոլոր քաղաքական ուժերը, յուրաքանչյուրն իր տարբերակով, կարողացան ներկայացնել իրենց ծրագրերն ու մոտեցումները: Իհարկե, եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը: Այս քարոզարշավի ընթացքում մեր այցելությունները, հանդիպումները, մոտեցումներն ու հետաքրքրությունը թույլ են տալիս մեր հնարավորությունները բարձր գնահատել»,- ասաց Շահգելդյանը: 

Կուսակցությունը Նուբարաշեն համայնքում բազմաթիվ խնդիրներ է տեսնում, սակայն դրանցից առաջնայինը աղբանոցի խնդիրն է համարում:

«Աղբանոցի խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում՝ չնայած արտասահմանյան կազմակերպությունների ներդրումների առաջարկություններին: Սա առաջնային խնդիր է, որը լուծում է պահանջում, և մենք մեր ուժերն ամբողջությամբ ներդնելու ենք` համագործակցելով նաև այլ քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես բարձրաձայնում են այս խնդիրը: Մի շարք այլ հիմնախնդիրներ նույնպես կան՝ կապված տրանսպորտի հետ, և այս հարցը նույնպես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն:  

 

Ավագանու «Օրինաց Երկիր» կուսակցության թեկնածուները շրջեցին Նուբարաշեն համայնքի փողոցներով ու բնակիչներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը:

Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ինԴրանց մասնակցում է 12 քաղաքական ուժ: