Թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով նախագահի թեկնածու առաջադրված Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, ով որպես նախագահի թեկնածու առաջադրվել էր նաև 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն նրա գրանցումը մերժվեց ընտրագրավը չմուծելու պատճառաբանությամբ, չի պատրաստվում մուծել նաև ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար պահանջվող մեկ միլիոն դրամը: Mediamall.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը հայտարարեց, որ իր պայքարը ֆինանսական չէ, այլ իր քաղաքացիական անհնազանդության դրսևորումն է: «2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ինձ մոտեցան երիտասարդ տղաներ, որոնք առաջարկեցին՝ մուծել 8 մլն դրամ ընտրագրավը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին ֆինանսավորել ամբողջ ընտրարշավի իմ ծախսերը: Ես մերժեցի, նշելով, որ իմ քաղաքացիական պայքարը չեմ ցանկանում դնել կաղապարների մեջ: Միգուցե այդ տղաները ազնիվ նկրտումներով էին փորձում օգտագործել իմ ներուժը, սակայն ես մերժեցի, որովհետև չէր բացառվում նաև բացասական երանգների հնարավորությունը»,- շեշտեց պարոն Սարգսյանը: Պատգամավորի թեկնածուն չի պատրաստվում սեղմել նաև թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ 1 մլն դրամ ընտրագրավի մուծման համար իրեն մեկնված բազմաթիվ մարդկանց օգնության ձեռքը: Ընտրագրավի պահանջը համարելով հակասահմանադրական՝ նա պատրաստվում է օրինականության վերականգնման համար պայքարել անգամ եվրոդատարանում:
Պատգամավորի թեկնածուն նշեց, որ իր ընտրարշավի ֆինանսական հարցերին անդրադարձել է Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում, որտեղ գրել է. «Եթե բյուջեն և նրա պահուստային ֆոնդը յուրացված է, կարող եմ նշել ֆինանսավորման ինձ հայտնի աղբյուրներ.
1. Վարչապետի անձը անվանարկելու առիթով առանց իր համաձայնության բացված օֆշորային հաշիվը:
2. Տենդերների կանխորոշված ելքերի համար «նվիրաբերված» գումարների ԱԱՀ-ն:
3. Վերահսկիչ պալատի արձանագրած յուրացումների վերադարձված մուտքերը:
4. Բիոզուգարանները, քանի դեռ երաշխիքային սպասարկման ժամկետը չեն կորցրել, վերադարձնել՝ հետ պահանջելով վճարված գումարը:
Եթե նշված աղբյուրներից գոնե մեկում եղած գումարը փոխանցվի իմ ընտրարշավի հիմնադրամին, դրանով կփակեմ ոչ միայն այս ընտրարշավի հակասահմանադրական բոլոր ծախսերը, այլ նաև կունենամ բավարար միջոցներ գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար»:
Վարուժան Բաբաջանյան