Սիրիայում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում են նախագահի 3 թեկնածուները:
Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, նախընտրական քարոզարշավին մասնակցում են գործող նախագահ Բաշար ալ Ասադը և տեղական ընդդիմության 2 ներկայացուցիչներ' Ազգային ճակատ պատգամավորական բլոկի ներկայացուցիչ 43-ամյա Մահեր Աբդ ալ Հաֆեզ Հաջջարը և նախկին կառավարության անդամ 54-ամյա Հասան Աբդ ալ Իլլահ ան Նուրին:
Նախագահական ընտրություններից առաջ իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ: Զինյալները շարունակում են ռմբակոծել Դամասկոսի բնակելի թաղամասերը՝ փորձելով քաոս ստեղծել: Անկայուն իրավիճակ է տիրում հատկապես Հալեպում, որտեղ վերջին շրջանում ռմբակոծության թիրախում են հայտնվել կենտրոնական թաղամասերը՝ խլելով տասնյակ մարդկանց կյանք:
Ավելի վաղ Սիրիայի բարձրագույն սահմանադրական դատարան նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 24 անձինք, սակայն ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքում նվազագույնը 35 ձայն էին ստացել ընդամենը 3 թեկնածու: Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: