Ես կողմնակից եմ նոր էջը չմրոտելուն և հույս ունեմ՝ կսկսենք մաքուր էջից, և այլևս չենք մրոտի մաքուր էջերը։ Այս մասին ընտրատեղամասում լրագրողներին ասաց ՀՀ Արդարադատարության նախարար, «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, որ քվեարկում է արդյունավետ և արդար կառավարման օգտին, հանուն Երևանի հավերժության։ 

 

Արտակ Զեյնալյանը խուսափեց որևէ հայտարություն անելուց, նկատելով, որ քվեարկության ավարտին դեռ 8 ժամ կա. դրանից հետո հանդես կգան հայտարարությամբ։

«Հնչեցրած տեսակետները կարող են ազդել ընտրության վրա, ուստի, այս պահին որևէ հայտարարություն չեմ կատարի»,-ասաց Զեյլնալյանը։

Երեկ ԲՀԿ գրասենյակում տեղի ունեցած խուզարկության վերաբերյալ Զեյլանյանը նշեց, որ տեղյակ չէ։

«Ըստ ոստիկանապետի հայտարարության՝ չեմ կարդացել, միայն վերնագիրն եմ տեսել, որևէ հակաօրինական բան չկա։ Ես այդպես ենթադրում եմ, և դրա հիման վրա չեմ ցանկանում եզրահանգումներ անել»,-ասաց Զեյնալյանը՝ հավելելով՝ եթե Նաիրա Զոհրաբյանը ճիշտ է, ապա այս հարաբերությունները ոչ թե զրպարտության, պատվի կամ արժանապատվության հարաբերություններ են, այլ իրավահարաբերություններ են։

Հարցին՝ կա՞ ուժ, որի հետ բացառում են համագործակցել ավագանիում, Արտակ Զեյնալյանը պատասխանեց.

«Մենք մեր քարոզարշավն իրականացրել ենք պոզիտիվ լույսի ներքո ու Հայաստանում, Երևանում չպետք է լինեն մերժվածներ, որևէ մեկին թշնամի չենք դիտարկում, Հայաստանում բոլորը բարեկամներ են», - ասաց նա։