«Նախագահն իրացրեց իր իրավունքը և Սահմանադրությամբ նախատեսված իր իրավունքով առաջադրեց թեկնածուին: Այդ ամենը սահմանադրական է, իրավաչափ է», -այսօր Ազգային ժողովում, ՍԴ դատավորի պաշտոնի համար կրկին Վահե Գրիգորյանի թեկնածությանն անդրադառնալով, ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը նշեց, որ թեև Գրիգորյանը երկրորդ անգամ է առաջադրվում, այնուամենայնիվ, սահմանադրական որևէ արգելք չկա՝ երկրորդ անգամ առաջադրել նույն թեկնածուին: Անդրադառնալով այն քննարկումներին, որ ճնշում գործադրվեց նախագահի ինստիտուտի վրա, որպեսզի նա առաջադրի նույն թեկնածուին (քանի որ նախորդ թեկնածուները մերժվել էին), Զեյնալյանն ասաց. «Ինստիտուտները կարող են միմիյանց վրա ազդեցություն ունենալ տարբեր դրսևորումներով և այդ ամենը հատուկ է նոր իրավիճակին: Իհարկե, այս որոշումը քաղաքական է, իհարկե, քաղաքաիրավական որոշում է: Անշուշտ, քաղաքական է և չի կարող քաղքական չլինել»:

ԼՈՒԵՐ.com-ի հարցին, թե արդյո՞ք այն հանգամանքը, որ Վահե Գրգորյանը նախկինում կալանավորված է եղել, չի՞ խանգարում այս պրոցեսներին և, այնուամենայնիվ, նա կարո՞ղ է զբաղեցնել այս պաշտոնը, Զեյնալյանը պատասխանեց. «Վահե Գրիգորյանն ամբողջությամբ արդարացվել է և ռեաբիլիտացվել է: «Վահե Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Եվրոպական դատարանի վճիռ կա, որով հաստատված է նրա անմեղությունը: Սա չի կարող շահարկման թեմա դառնալ. նա արդար է և անմեղ: Նա շատ կարևոր ներդրում է կատարել իրավունքի զարգացման ոլորտում նաև իր՝ «Վահե Գիրգորյանն ընդդեմ Հայաստանի» գործով»»:

Անցումային արդարադատության և վեթինգի վերաբերյալ հարցերին Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել, քանի որ այդ թեմայի շուրջ մամուլի ասուլիս է լինելու և տրվելու են բոլոր հուզող հարցերի պատասխանները:

Ասպրամ Փարսադանյան