Հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, որի համար արդեն 4 ներկայացուցիչ ինքնառաջադրվել է: 

Թեկնածուներից մեկը «Յունիբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Վահե Մովսիսյանն է, որին սատարում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանն՝ իր ողջ թիմով: 

 

Մյուս թեկնածուներին՝ իրավաբան Կարեն Ստեփանյանին և իրավաբան, «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Առաքելյանին դեռևս որևէ մեկը չի սատարում: 

Ինքնառաջադրված թեկնածուների շարքում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնելու ամենասկզբում հայտարարել էր, թե չի պատրաստվում մասնակցել ՏԻՄ ընտրություններին, իսկ որոշ ժամանակ անց դրան հաջորդեց մյուս հայտարարությունը. «ԵԼՔ-ի քաղաքապետի թեկնածուն ես եմ»:

Դիանա Գասպարյանը բոլորովին վերջերս անդամագրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որպեսզի կարողանա ստանալ վարչապետ Փաշինյանի լիիրավ աջակցությունը: 

Այլ թեկնածուներ դեռևս չեն առաջադրվել:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին՝ Գրիգորյանների տանը կատարած ԱԱԾ մի շարք բացահայտումների մասին տեսանյութի հրապարակման օրը, նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց։

Արմինե Միքայելյան