Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, Արմավիրի մարզի Էջմիածնի  և Կոտայքի մարզի Հրազդանի  քաղաքապետերի որոշ թեկնածուներ ինքնաբացարկ են հայտարարել,  իսկ մեկի թեկնածությունը մերժված է: 

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Մանվել Պողոսյանն ինքնաբացարկ է հայտարարել: Վերջինս անկուսակցական է և այս ՏԻՄ ընտրություններին ինքառաջադրվել էր: Նա աշխատում է քաղաքապետարանում, որպես կոմունալ  տնտեսության մասնագետ:

 

Հրազդանի ինքնառաջադրված թեկնածունեից հաջորդը Գագիկ Աթասյանն է: Ի տարբերություն նախորդի՝ Աթասյանի թեկնածությունը մերժված է: ԿԸՀ Կոտայքի մարզի առաջատար մասնագետ Հերմինե Նաղդալյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ մերժման պատճառը ընտրական գրավի գումարը չվճարելն է. «Մենք նրան տվել ենք օրենքով սահմանված ժամկետը՝ 48 ժամ, որպեսզի վճարի գրավի գումարը, սակայն նա այդ ժամկետներում էլ չի վճարել և չի կարողանա մասնակցել ՏԻՄ ընտրություններին»:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրվել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, որին, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի սատարելու: 

Ինքնաբացարկ են հայտարարել նաև Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում առաջադրված 14 թեկնածուներից 2-ը, նրանք են՝ Սամվել Դավթյանը և Ժորժիկ Նավասարդյանը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին տեղի կունենա Տեղական ինքնակառավարման ընտրություններ, իսկ նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է հոկտեբերի 6-ին:

Հիշեցնենք նաև, որ Հրազդանի քաղաքապետի աթոռի համար պայքարող 5 թեկնածուներից մնացել են 3-ը, իսկ Էջմիածնի 14 թեկնածուներից՝ 12-ը:

 

Արմինե Միքայելյան