Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզխորհրդիի երեկվա նիստում համայնքապետերին հորդորել է հրաժարականի դիմում ներկայացնել և կրկին մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ եթե այդքան վստահ են, որ վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը։ Նորանշանակ և երիտասարդ մարզպետն այս հայտարարությունն արել է մամուլի այն ճնշումների ներքո, թե մարզի բնակիչները շուտով բողոքի ակցիաներով հանդես կգան մարզպետի դեմ, քանի որ վերջինս իրենց չի ազատում չսիրված համայնքապետերից։
Մարզպետի այդ հայտարարությանը ոչ ոք չի համարձակվել դեմ արտահայտվել, բացառությամբ Այգեստանի համայնքապետ Սոկրատ Հովսեփյանից։ Համայնքապետը պնդել է, որ այդկերպ չեն աշխատում, իսկ նոր ընտրությունները պետության համար ֆինանսական ծանր բեռ են, և որ այլ տարբերակներ է պետք գտնել։
ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց Սոկրատ Հովսեփյանի հետ, ով մարզպետի այդ հայտարարությունները անփորձության դրսևորում համարեց։ «Ես թքել եմ տուժել-չտուժելու վրա, ես իմ ասածն ասել եմ, բոլորը բերանները ջուր էին առել, նստել էին։ Ինքը ոչ թե հատուկ մարդկանց է ասել հրաժարական տան, այլ բոլորին: Ես մարզպետին ասել եմ, որ արդեն 3 ամիս եք աշխատում, ու արդեն Ձեր հանդեպ բացասական աուրա եք ձևավորել, ոմանք էլ Ձեր հրաժարականն են պահանջում, բայց դա չի նշանակում, որ անձնական խնդիրները պետք է մեր միջոցով լուծեք։ Եթե մարդ աշխատում է, պիտի նայեք նրան՝ որպես աշխատողի, այլ հարց է, թե այդ պաշտոնյան իր տեղո՞ւմ է, թե՝ ոչ»,- նիստի ժամանակ իր և մարզպետի երկխոսության մասին մեզ հետ զրույցում ասաց համայնքապետ Սոկրատ Հովսեփյանը։
Համայնքապետի համոզմամբ, մարզպետի այս ինքնապաշտպանական քայլը կիրառելի մեթոդ չէ․ «Թող ստուգի տեսնի, թե ով ինչքան ա լափել ու տարել ժողովրդից, դեմ տա իրենց ու դրանից հետո թող ռադները հերթով քաշեն ու ոստիկանությունն ու քննչականը թող հարցերը լուծեն»։
Սոկրատ Հովսեփյանը զայրացավ, որ մարզպետը համայնքապետերին բաժանում է թիմակիցների և հակառակորդների: Ըստ նրա՝ դա ճիշտ չէ։
Այն հարցին, թե ինչ է կարծում, հրաժարական տվողներ կլինե՞ն, թե՞ ոչ, համայյնքապետը պատասխանեց․ «Ա՛յ ցավդ տանեմ, ի՞նչ հրաժարականի մասին ա խոսքը, ոչ մեկն էլ հրաժարական չի տա, հրաժարականը մեթոդ չի։ Ես մարզպետին ասացի, որ եթե, օրինակ, մարդը տասը տարի ղեկավարում ա համայնքը, հաստատ չուզողներ կունենա՝ մեկի հողի հարկը դատարանով ա առել, մեկը հող ա զավթել 26 տարի ու հարկ չի տալիս՝ բողոքում ա, բնական ա՝ պիտի բողոքեն, հո էդ գյուղի պլանքաշ մարդիկ գոհ չե՞ն լինելու համայնքապետից»,-նկատեց համայնքապետը և հավելեց, որ մարզպետը դեռ երիտասարդ կադր է ու ուղղվելու տեղ ունի, և որ ավելի շատ մարզպետն իր վրա պետք է աշխատի՝ համայնքապետերին նման հրահանգներ տալու փոխարեն․ «Մի հատ դարձիր օրինակելի մարզպետ, նոր ինչ-որ սկզբունքներ առաջ քաշիր»,-Գարիկ Սարգսյանին ուղղված հռետորական հայտարարություն արեց Սոկրատ Հովսեփյանը։
Արմինե Միքայելյան