Hetq.am-ը գրում է.
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքներով' Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավարի թեկնածու Վրույր Սիմոնյանը գործող համայնքապետ Սերժիկ Ավետիսյանին հաղթել է 17 ձայնի առավելությամբ: Սերժիկ Ավետիսյանը 19 տարի համայնքը կառավարելուց հետո միանգամից չի համակերպվել պարտության հետ եւ ընտրության արդյունքները վիճարկել է դատարանում: Հոկտեմբերի 14-ին վարչական դատարանը 5 դատավորի կազմով քննել է բողոքը եւ մերժել Ս. Ավետիսյանի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը:
Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով Վարչական դատարանի դատական ակտերը վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Այնուամենայնիվ, Զովունի համայնքի նոր ղեկավարը պաշտոնը ստանձնել է վճռի հրապարակումից ուղիղ մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 14-ին:
Պաշտոնավարման վերջին 40 օրերը դեռեւս գործող համայնքապետ Սերժիկ Ավետիսյանը խիստ «արդյունավետ» է օգտագործել. փոխել է համայնքի պահուստային ֆոնդի հողերի նպատակային նշանակությունը՝ հիմնականում գյուղնշանակության հողերը փոխելով բնակավայրի նշանակության կառուցապատման ու հասարակական կառուցապատման հողատարածքների եւ դրանք վաճառել աճուրդով: Հողերի մի մասն օտարել է ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով, մյուս մասն էլ անհատույց սեփականաշնորհել է:
Հատկանշական է, որ համայնքի պահուստային ֆոնդի հողերն ուղղակի վաճառքով օտարելը եւ անհատույց տրամադրելը նա կատարել է ոչ թե համայնքի ավագանու համաձայնությամբ (որոշումներով), այլ իր' համայնքի ղեկավարի որոշումներով: Միայն նոյեմբերի 11-ին՝ իր աշխատանքային վերջին օրը, նա հողերը մասնավորեցնելու վերաբերյալ 14 որոշում է կայացրել՝ հողամասն ուղղակի վաճառքով եւ պայմանագրային կարգով օտարելու եւ անհատույց տրամադրելու մասին:
Դրանցից մեկով՝ նոյեմբերի 11-ի թիվ 170 որոշումով, համայնքի ղեկավար Ս. Ավետիսյանն իրեն եւ իր ընտանիքի անդամներին անհատույց, սեփականության իրավունքով տրամադրել է գյուղատնտեսական նշանակության մոտ 900 քմ հողամաս: Իր որոշումը համայնքի ղեկավարը հիմնավորել է այսպես. «Զովունի գյուղի բնակիչ Սերժիկ Զաքարի Ավետիսյանին, Անահիտ Հրաչի Ավետիսյանին, Արտյոմ Սերժիկի Ավետիսյանին, Հունան Սերժիկի Ավետիսյանին սեփականաշնորված գյուղատնտեսական նշանակության հողամասից ավել օգտագործվող գյուղատնտեսական նշանակության 0.08998 հա հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել»:
Համայնքի ղեկավարը, դարձյալ իր որոշումով, համայնքային հողատարածքների վարձակալների հետ կնքել է լրացուցիչ համաձայնագրեր (վարձակալության պայմանագրերին կից) եւ հողերը կադաստրային արժեքով վաճառել է նրանց՝ պատճառաբանելով, թե «նշված հողամասը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով»: Այդպես է հիմնավորել, օրինակ, համայնքի բնակիչ Նվարդ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0.5 հա մակերեսով հողատարածքին կից համայնքային սեփականություն հանդիսացող 4584 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը կադաստրային արժեքով նրան ուղղակի վաճառքով օտարելը:
Ըստ Սերժիկ Ավետիսյանի՝ համոզիչ է, որ 4584 քմ մակերեսով հողատարածքը «հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով», եւ այն պետք է ուղղակի վաճառքով օտարել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: