Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումը՝ ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի: Ըստ դիմումատուի՝ Երևանի ավագանու ընտրությունների նախորդող՝ լռության օրը, «Անկախ դիտորդի» կողմից ԲՀԿ–ի կողմից կաշառք բաժանելու մասին հայտարարությունները հակաքարոզչություն է և օրենքի խախտում։

«Մեդիա կենտրոնում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները, այդ թվում՝ կառավարությանն առընթեր ընտրական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, կազմակերպել են ասուլիս, դրա շրջանակներում ներկայացրել են դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի տվյալները: Ասուլիսի ընթացքում Իոաննիսյանի կողմից հատուկ շեշտադրվել է, որ ստացվել են բազմաթիվ զանգեր, որ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք է բաժանվել և հանուն արդարության պնդել, որ այդ զանգերց որևէ մեկը չի ապացուցվել: Հայտարարավել է նաև, որ նույն կուսակցության կողմից գումար է բաժանվել ֆլեշմոբի մասնակիցներին, որի համար վերջիններս առնվազն պետք է հարկվեին: Այնուհետև պնդել է, որ ԲՀԿ-ի անդամները, տեղեկանալով այդ մասին, սպառնացել են դատական հետապնդումներ իրականացնել այն անձանց նկատմամբ, ովքեր, իբր, գումար են ստացել և դրա մասին բարձրաձայնել: Դիմումում նշվում է նաև, որ ընտրության նախորդող օրը ասուլիս կազմակերպելն ու հակաքարոզչություն անելը համարվում է օրենքի կոպիտ խախտում»,- դիմումատուի դիմումն ընթերցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:   

 

ԿՀԸ–ն որոշեց՝ «Անկախ դիտորդ»-ի և նրա ղեկավարի գործողությունները ոչ թե հակաքարոզչություն են եղել, այլ՝ տեղեկատվության փոխանցում։ 

«Հանձնաժողովը որոշում է՝ մերժել ԲՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումը»,- հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին նախորդող օրը դաշինքը ներկայացրել էր իր կողմից քարոզարշավի ընթացքում իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները: Սակայն ասուլիսի ընթացքում իր աջակիցների հետ «Մեդիա կենտրոն» էր ժամանել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, որը դժգոհել էր, թե «Անկախ դիտորդի» անդամները ԲՀԿ-ի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում: