Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության վարկածի վերաբերյալ հանրությանը հայտնի տեղեկություններից զատ, լրացուցիչ տեղեկություն չկա:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Հարցին' նախնական հաստատվե՞լ է ինքնասպանության վարկածը' հաշվի առնելով, դիակի ձեռքին եղած ատրճանակը, Գրիգորյանը նշեց. «Յուրաքանչյուր մահվան ելքով գործով միշտ առաջ է քաշվում 6 վարկած, որոնցից մեկն ինքնասպանությունն է»:
Հարցին' գործի շրջանակներում բացի Աբրահամ Մանուկյանից այլ անձինք հարցաքննվե՞լ են, Գրիգորյանը պատասխանեց. «Նախնական՝ հարցաքննվել է ականատեսը: Առաջացել է վեճ' գույքային անհամաձայնության պատճառով, իսկ կրակելու շարժառիթն իմանալու համար անհրաժեշտ էր կրակողը, սակայն ինչպես գիտենք՝ նա այլևս չկա»:
Նշենք, որ Հարություն Ղարագյոզյանի կողմից «Յուվեցի Կարոյի» սպանությունն իրականացվել է դեռևս 2001 թ. վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած ատրճանակով: Ի դեպ, պետության կողմից պարգևատրված ատրճանակով էր ինքնասպան եղել նաև Նիկոլայ Գաբրիելյանը՝ «Գազի Կոլյան»:
Դիտարկմանը' մտահոգիչ չէ՞ այս երևույթը, հնարավո՞ր է՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն՝ Հայկ Գրիգորյանն ասաց. «Կարծում եմ՝ որևէ անձ ուղղակի չի պարգևատրվում: Եթե կա հանցավոր մտադրություն, սպանության դիտավորություն, յուրաքանչյուր առարկայով' քարով, դանակով կարելի է իրագործել»: