Հայաստանի քննչական կոմիտեում կարճվել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոի» սպանության և ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ «Կարամելի Հարութի» ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործերը, գրում է shamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ Հ․ Ղարագյոզյանը, իր մոտ եղած ատրճանակով Նորք-Մարաշ վարչական շրջանում սպանել էր Կ․ Կարապետյանին, իսկ հաջորդ օրը նրան հայտնաբերել էին Կոտայքի մարզի շինություններից մեկում մահացած։ Դիակի մոտ հայտնաբերվել էր ատրճանակ։

Ըստ աղբյուրի՝ սպանության օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հ. Ղարագյոզյանը, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, «Յուվեցի Կարո» մականվամբ 58-ամյա Կարո Կարապետյանը և Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Ավագյանը հանդիպել են նշված ռեստորանային համալիրում, որտեղ ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ: Ս. Ավագյանը «ձախ թուլակողի շրջանի հրազենային վնասվածք և աջ ձեռքի դաստակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նախ տեղափոխվել է «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ մահացած վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կ. Կարապետյանը:

Ըստ նախնական տեղեկության՝ նշված ռեստորանային համալիրի կուպեներից մեկում վիճաբանության ժամանակ Հ. Ղարագյոզյանը «Բերետտա» տիպի ատրճանակով կրակել է Կ. Կարապետյանի և Ս. Ավագյանի ուղղությամբ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու դատախազության ծառայողները ռեստորանի կուպեում հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացվող «Բերետտա» տիպի ատրճանակը՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 6 չկրակված փամփուշտներով, 1 գնդակ և 4 կրաված պարկուճ: Հայտնաբերվածը քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային և դիակի դատաբժշկական փորձաքննություն: