Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ որում մտահոգություն է հայտնել համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածության կապակցությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.
«Խիստ մտահոգիչ է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածությունը:
Նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունը շարունակում է արժանանալ անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը կամ դա արվում է միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով: Այս վիճակը շարունակվում է արդեն տևական ժամանակ և վտանգավոր է երկրում համերաշխության ու հանդուրժողականության և ի վերջո՝ մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:
Մեր երկիրը ներկայում կանգնած է համակարգային բնույթի հիմնարար փոփոխությունների ու մարդու իրավունքների տեսանկյունից մարտահրավերների առաջ: Մենք պետք է բոլոր խնդիրների լուծումն ապահովենք համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում. սա է մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և առկա խնդիրները լիարժեք լուծելու գլխավոր գրավականը: Դարձյալ հարկ եմ համարում արձանագրել, որ պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը կամ այդ սկզբունքներով առաջնորդվելը:
Բոլորին խնդրում եմ նկատի ունենալ այս դիտարկումները:
Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանցից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը»,- ասված է հայտարարության մեջ: